Մատչելիության հղումներ

Կանադան` աշխարհի ամենահյուրընկալ երկիր


Ներգաղթյալների նկատմամբ աշխարհում ամենից ավելի բարեկամաբար տրամադրված երկիրը Կանադան է: Այդ են վկայում HSBC Bank International-ի վերջին ուսումնասիրության արդյունքները:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար օտարերկրացի` աշխարհի 48 երկրներից: Նրանք պատասխանել են մի քանի հարցի, օրինակ` գտե՞լ են արդյոք ընկերներ ու բարեկամներ նոր միջավայրում, սովորե՞լ են լեզուն, կամ կարողացե՞լ են արդյոք սեփական տունն ու բիզնեսը հիմնել:

Արդյունքում պարզվել է, որ Կանադա մեկնածների գերակշիռ մեծամասնությունը` շուրջ 95 տոկոսը, հեշտությամբ կարողացել է հաստատվել եւ տեղում նոր ընկերներ գտնել: Երկրորդ հորիզոնականում է Գերմանիան, երրորդում` Ավստրալիան:

Նոր հարաբերություններ հաստատելու առումով ամենաբարդ երկիրը, հարցման արդյունքներով, Արաբական Միացյալ Էմիրություններն են, որտեղ ներգաղթյալների շուրջ 50 տոկոսը ասել է, թե այդպես էլ չի կարողացել տեղաբնակների հետ կապ հաստատել:

Նոր տեղում սեփական տուն գնելու տեսանկյունից ամենահարմար երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան, այս առումով առավել բարդ է վիճակը ասիական երկրներում: Սեփական բիզնես, հարցման արդյունքներով, առավել հաճախ են հիմնում Սինգապուրում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում հաստատված ներգաղթյալները:

Չնայած բազմաթիվ տարբերություններին` դիտարկված երկրները ունեն նաեւ մեկ ընդհանրություն. դրանցից գրեթե բոլորում 55 տարեկանից բարձր քաղաքացիները բողոքում են, որ հավելյալ դժվարությունների են հանդիպում աշխատանք գտնելիս եւ տեղում հարմարվելիս:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG