Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի» թերթի թեժ գծի հյուրն էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա պատասխանել է ընթերցողների բազմաթիվ հարցերին: Հարց. - «Ինչպե՞ս եւ ի՞նչ աղբյուրներից է նախատեսվում օժանդակել բնակչության գնողունակությանը»: Պատասխան. - «Բնակչության գնողունակությանը օժանդակող շարժիչը սոցիալական ծրագրերն են, որոնք դրված են 2009 թվականի բյուջեի հիմքում: Մենք նաեւ նախատեսում ենք նշանակալիորեն ավելացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը: Հույս ունենք, որ կարող ենք ներգրավել 250 միլիոն դոլարի կարգի գումար եւ օգտագործենք այդ նպատակներով»: Վարչապետը նաեւ ասում է. - «Կան պետություններ, որոնց վրա շատ չի ազդել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Դա վերաբերում է եւ Հայաստանին: Անհրաժեշտ է օժանդակել մակրոտնտեսական կայունությանը (բոլոր մակրոտնտեսական պարամետրերը պետք է լինեն պետական կոշտ կառավարման ներքո)»: Հարց. - «Ինչպե՞ս եք ենթադրում օժանդակել լեռնարդյունաբերող սեկտորին»: Պատասխան. - «Գաղտնիք չէ, որ երբ այս բնագավառում սկսվել է գործունեությունը, գները զգալիորեն բարձր էին, քան նախատեսվում էր նրանց բիզնես ծրագրերով: Դա նշանակում է, որ նրանք վերջին երեք տարում գերշահույթներ են ստացել: Դա նշանակում է, որ սեփականատերերը տիրապետում են ֆինանսական այնպիսի բուֆերի, որը ծանր ժամանակներն անցկացնելու հնարավորություն կտա: Այժմ մենք բանակցություններ ենք վարում նրանց կողմից իրենց կոլեկտիվների հանդեպ որոշակի սոցիալական պարտավորություններ կատարելու վերաբերյալ»:

Նույն խնդրով` Lragir.am-ը գրում է. - «Եթե Հայաստանի իշխանությունը մտադիր է ճգնաժամի խոր ազդեցությունը կանխել բնակչության հոգեբանական վերելքով, ապա դրա համար ոչ թե պետք է հռչակի մեծ-մեծ ծրագրեր, ցույց տալու համար, թե ինչքան ինքնավստահ է, այլ պետք է երկրի ներսում կատարի էական բարեփոխումներ, վերափոխի իշխանություն - հասարակություն հարաբերության որակը բոլոր ոլորտներում, իշխանական համակարգում, վերնախավում ներդնի այն քրիստոնեական մտածողության տարրերը, որոնց մասին իր վարչապետության արշալույսին խոսում էր Տիգրան Սարգսյանը, ու դրանով օրինակ ծառայի հանրությանը, նրան եւս մղելով դեպի համակեցության քրիստոնեական կանոնները: Հասարակության հոգեբանական վերելք հնարավոր է անգամ ֆինանսատնտեսական անկման պայմաններում, եթե միայն հանրությունը համոզված լինի, որ երկրում կառավարումը իրապես իրականացվում է արդարության, հավասարության եւ եղբայրության սկզբունքներով, ոչ թե այդ սկզբունքներով խաբում են հասարակությանն ու դրանք օգտագործում որպես մահակ քաղաքացիների գլխին»:

«Նովոյե վրեմյա» թերթը մեկնաբանում է. - «Հայ ազգային կոնգրեսը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամերիկյան հայրենակիցների համար անակնկալ էր նախապատրաստել, որոշելով դեկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում անց կացնել դրամահավաք: Ինչպես տեղ հասնելուն պես հեռուստաեթերից հայտարարեց Կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը` միջոցները կուղղվեն քաղբանտարկյալների ընտանիքներին, ինչպես նաեւ կազմակերպչական ծախսերին: Այլ կերպ ասած, փողերը պետք են եկել մահացած հեղափոխական պրոցեսի վերակենդանացման համար: Ումի՞ց են պատրաստվում, կոպիտ ասած, փող հավաքել հեղափոխականները: Իհարկե, նրանք չեն մտածում դիմել նրանց, ովքեր ամբողջ ընտանիքով պատսպարվում են պարզ բազմաբնակարանանոց շենքերում, ինչպիսիք Գլենդեյլում, Հոլիվուդում եւ Բըրբանկում բազմաթիվ են: Նրանց թիրախը հարուստներն են, որոնց հիմնական մասը լեւոնական շրջանի ցուրտ ու մութ Հայաստանի էմիգրանտները չեն»:

«Հրապարակ»-ը որոշակի հետեւություններ է արել վերոհիշյալ դրամահավաքն անցկացնելու փաստից. - «Հետեւություն 1. ալան-թալանի, մազութ եւ այլ բաներ լափելու մասին պատմություններն առասպել են` հորինվածք, ընդդիմությունն այնքան աղքատ է, որ դիմում է համազգային հանգանակության: Հետեւություն 2. ցանկացած քաղաքական գործունեություն ֆինանսական միջոցներ է ենթադրում: Եթե պատգամավոր դառնալու գինը կես միլիոն դոլարի կարգի գումար է, ապա մի հսկա թիմի իշխանության գալը եւս պետք է էժան չլինի: Ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փողի կարիք ունեն: Հետեւություն 3. այս իշխանությունն իր փողերը հանում է երկրից, տարբեր երկրներում բիզնեսի մեջ ներդնում, չի կարողանում միջազգային դրամաշնորհներ ու աջակցություն ստանալ («Հազարամյակի մարտահրավերներն» օրեր առաջ Հայաստանին զրկեցին 7 միլիոն դոլար տրանշից), իսկ ընդդիմությունը երկիր փող է բերում: Հետեւություն 4. մի ամբողջ պետության կարելի է Միացյալ Նահանգներում հանգանակություն անել («Հայաստան» հիմնադրամ), ընդդիմությանը չի՞ կարելի»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Այն փաստը, որ անցած ամռան ու աշնան ամիսներին Հայաստան ժամանող եվրոպական ու ամերիկյան պաշտոնյաները առանձնապես չէին մտահոգվում «մարտի 1»-ի իրադարձությունների քննության տեմպերով ու բովանդակությամբ, սակայն, վերջին շաբաթներին դրությունը սկսել է փոխվել, չէր կարող աննկատ մնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների համար։ Ուշադրություն է գրավում նաեւ այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսի համաժողովի համար ընտրված ժամկետները համընկնում են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստի ավարտին, այսինքն՝ հաշվարկված են նրա «պատմական որոշումների» մասին մեր հանրությանը առաջինը տեղյակ պահելու եւ այդ ամենը որպես կոնգրեսի անցած ամիսների «հետեւողական պայքարի ակնառու հաջողություն» ներկայացնելու համար։ Եւ վերջապես՝ չմոռանանք, որ այս ամենին միացել է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ Նա օրերս հիրավի դարակազմիկ «հայտնագործություն» է արել. «Մենք լրջորեն մտահոգված ենք Հայաստանում ձերբակալությունների կապակցությամբ: Դեռ կան բանտարկված, իմ կարծիքով, 67 ընդդիմադիր գործիչներ»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG