Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժել է նիստերի դահլիճը Հայ ազգային կոնգրեսին տրամադրելու դիմումները


Կառավարությունը այսօր մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը` Մելիք Ադամյան հասցեում գտնվող նիստերի դահլիճը դեկտեմբերի 21-ին, 22-ին կամ 23-ին Հայ ազգային կոնգրեսի խորհրդաժողովն անցկացնելու նպատակով տրամադրելու խնդրանքով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին կառավարության աշխատակազմից:

Ավելի վաղ կառավարությունը մերժել էր նիստերի դահլիճը դեկտեմբերի 19-ին Հայ ազգային կոնգրեսին տրամադրելու դիմումը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մերի Հարությունյանը` անցած ուրբաթ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը մերժման մասին հեռախոսով տեղեկացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանին` նշելով, որ կառավարության նիստերի դահլիճը դիմումում նշված ժամկետում, այսինքն` դեկտեմբերի 19-ին չի կարող տրամադրվել:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ կառավարությունը պարտավոր է ոչ թե հեռախոսով, այլ` պաշտոնական գրությամբ տեղեկացնել դահլիճ չտրամադրելու մասին:

«Իսկ եթե [«Հանրապետություն» կուսակցության ներկայացրած] դիմումն էլ մերժեն, կփաստվի, որ կառավարությունը, ըստ էության, կոպտորեն խախտելով «Ժողովների մասին» օրենքը, մերժում է ընդդիմությանը դահլիճներ տրամադրել», - ասաց Զուրաբյանը: - «Մենք ունենք նաեւ բազմաթիվ այլ ապացույցներ, որ մարտի 1-ից սկսած` հասարակական կազմակերպություններին ուղղակի մերժում են որեւէ ժողով անցկացնել, եթե դա կապված է քաղաքականության հետ»:

Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է քննարկել խորհրդաժողովը Վրաստանում անցկացնելու տարբերակը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG