Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ժամանել է Աֆղանստան


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան:

Պաշտոնաթողությունից մեկ ամիս առաջ կատարած հրաժեշտի այցի շրջանակներում Միացյալ Նահանգների գործող նախագահը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, այնուհետեւ կայացել է նրանց համատեղ ասուլիսը:

Բուշը, մասնավորապես, հայտարարել է, թե Աֆղանստանում կայունությունը վերականգնելու ճանապարհին դեռ երկար պայքար է սպասվում, եւ «դժվարին օրերը առջեւում են»:

Միացյալ Նահանգների գործող նախագահը Քաբուլ է մեկնել Իրաքից, ուր նա այցելել էր կիրակի օրը:

Բաղդադում Ջորջ Բուշի եւ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի համատեղ ասուլիսի ժամանակ իրաքցի հեռուստալրագրողներից մեկը կոշիկները շպրտել էր ԱՄՆ-ի նախագահի ուղղությամբ եւ «շուն» անվանել նրան:

Բուշին հաջողվել էր խույս տալ հարվածներից, իսկ իրաքցի թղթակցին ասուլիսի դահլիճից հեռացրել էին անվտանգության աշխատակիցները: Մյուս թղթակիցները ներողություն էին խնդրել ԱՄՆ-ի նախագահից տհաճ միջադեպի համար:

Ավելի ուշ մեկնաբանելով տեղի ունեցածը` Բուշը, մասնավորապես, ասել է, թե «դա ուշադրությունը իր վրա հրավիրելու ձեւ էր», եւ վստահեցրել, որ կատարվածը իր դեմ սպառնալիք չի համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG