Մատչելիության հղումներ

Երեխաների պատվաստման համար Հայաստանին տրամադրված գումարները նպատակին չե՞ն ծառայել


Ամեն տարի միջազգային կառույցները աղքատ ու զարգացող երկրներին միլիոնավոր դոլարներ են տրամադրում մահացու հիվանդությունների դեմ երեխաներին պատվաստելու համար, որոնք, սակայն, շատ հաճախ նպատակային չեն ծախսվում: Այդ է վկայում, մասնավորապես, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի վերջին ուսումնասիրությունը:

Զեկույցի համաձայն, աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներ ուռճացրել են պատվաստման ենթակա երեխաների թիվը եւ, համապատասխանաբար, ավելի մեծ գումարներ ստացել դոնոր կազմակերպություններից:

Ուսումնասիրելով 1986-2006 թվականների տվյալները` փորձագետները եկել են այն եզրակացության, որ զարգացող երկրներին տրամադրվել է առնվազն երկու անգամ ավելի շատ գումար, քան իրականում ծախսվել է երեխաներին պատվաստելու համար:

Ամենամեծ տարբերությունը կառավարությունների ներկայացրած թվերի եւ անկախ փորձագիտական տվյալների միջեւ գրանցել են 4 երկրներ, որոնցից մեկն էլ Հայաստանն է:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդմամբ` Սոմալիի, Զիմբաբվեի եւ Մյանմայի հետ Հայաստանը գումարներ է ստացել «Հանուն պատվաստումների եւ իմունիզացիայի» միջազգային դաշինքից` հավելյալ թվով երեխաների պատվաստելու համար, սակայն ընդհանրապես այդօրինակ պատվաստումներ չի կատարել:

Ընդհանուր առմամբ, կազմակերպության պաշտոնական էջի համաձայն, Հայաստանը 2000 թվականից մինչ օրս դաշինքից ստացել է շուրջ 750 հազար դոլար:

Մյուս երկրները, օրինակ` Տաջիկստանը, Պակիստանը, Զամբիան, պատվաստված երեխաների թիվը ուռճացրել են չորս, Գվինեան, Ինդոնեզիան, Չադն ու Կոնգոն` ավելի քան երկու անգամ:

Ընդհանուր հաշվով, դոնոր կազմակերպությունը վերջին տարիներին աղքատ ու զարգացող երկրներին տրամադրել է շուրջ 290 միլիոն դոլար, այն դեպքում, երբ, հետազոտության հեղինակների հավաստմամբ, իրական նպատակով ծախսվել է դրա ընդամենը կեսը:

«Դեռեւս անհրաժեշտ է պարզել` ուր են գնացել այդ գումարները: Հուսով ենք` ոչ շվեյցարական բանկեր», - «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է Լոնդոնի փորձագիտական խմբերից մեկի ներկայացուցիչ Ֆիլիպ Սթիվենսը:

Գործակալության հաղորդմամբ` դոնոր կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիան Լոբլեւիթը բացատրություն է պահանջել կասկածի տակ առնված երկրներից եւ դադարեցրել բոլոր տեսակի վճարումները` մինչեւ դրանք կտրամադրվեն:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG