Մատչելիության հղումներ

logo-print

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հետաձգել է Հայաստանին 6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը


Դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում ժողովրդավարական կառավարման առնչությամբ: Տնօրենների խորհուրդն ընդգծել է. - «Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները, իրական բարեփոխումներ կիրագործի»:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հայաստանում գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար հատկացնելու հարցը կրկին քննության կառնվի 2009 թվականի մարտին:

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի ներկայությամբ տեղի էր ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի խորհրդի նիստը, որի ժամանակ վավերացվել էր 2009 թվականի առաջին եռամսյակում իրականացվելիք ծրագրերի համար «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 10-րդ հատկացման հայտը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի դոկտեմբերի 11-ի որոշումը` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի նախկին անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, մասնավորապես, ասաց. - «Ես կարծում եմ, որ ամենեւին էլ անսպասելի չէ: Մարդը [«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը] ե’ւ մարդավարի, ե’ւ ի պաշտոնե զգուշացրել էր մարտի 11-ի իր նամակում` ուղղված [Հայաստանի նախկին նախագահ] Քոչարյան Ռոբերտին: Դա հայտնի նամակն է, որը ամբողջությամբ հրապարակվել է, որ «սա համարեք պաշտոնական նախազգուշացում»: 2008-ի հայաստանյան 17 ցուցանիշներից 9-ը վատ էին, եւ առաջին խմբում` արդար կառավարման բաղադրիչը, 6-ից 5-ն էին վատ: Ենթադրվում է, որ գոնե մարտից մինչեւ այսօր Հայաստանի իշխանությունները կոնկրետ ջանքեր կներդնեին, որպեսզի իրավիճակը շտկվի: Դժբախտաբար, օրերս, փաստորեն, արդեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հրապարակեց 2009-ի ցուցիչները, եւ Հայաստանի իրավիճակը արդար կառավարման մասով մնում է նույնը»:

Տեսականորեն հնարավոր համարելով, որ մինչեւ 2009 թվականի մարտ կատարվեն նշված ցուցիչները շտկելու համար պահանջվող փոփոխությունները, Բարսեղյանը, միաժամանակ, հավելեց. - «Բայց դա այն գումարը չէ, որ Հայաստանի իշխանությունները դրա դիմաց զիջեն վերարտադրվելու բուռն ցանկությունը: Այսինքն, այս իմաստով, չեմ ակնկալում որեւէ լուրջ փոփոխություն` անգամ Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում ընդունվելիք հնարավոր բանաձեւի մասով»:


Անուշ Մարտիրոսյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG