Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը դիտարկում է նաեւ իր խորհրդաժողովը Վրաստանում անցկացնելու տարբերակը


Հայ ազգային կոնգրեսը դեռեւս պատասխան չի ստացել կառավարությունից, ուր դիմել էր դեռեւս դեկտեմբերի 3-ին` Կոնգրեսի խորհրդաժողովը կառավարության նիստերի դահլիճում դեկտեմբերի 19-ին անցկացնելու խնդրանքով: Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչը չի բացառել, որ խորհրդաժողովը անցկացվի Վրաստանում:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողներ հետ հանդիպմանը ասաց. - «Եթե երկուշաբթի օրը մենք չստանանք պաշտոնական պատասխան կառավարության կողմից դահլիճը տրամադրելու մասին, ապա մենք կհամարենք մեր դիմումը մերժված եւ, բնականաբար, այդ վիճակում կարձանագրենք, որ, իշխանությունների պնդումներին հակառակ, այսօր Հայաստանում որեւէ քաղաքական միջոցառման համար, եթե դա ընդդիմության կողմից է գալիս կամ հասարակական կազմակերպությունների, որեւէ դահլիճ Հայաստանում չի տրամադրվում»:

«Եթե 19-ը դեկտեմբերի որեւէ առումով անընդունելի է կառավարության համար», - շարունակեց նա, - «մենք անում ենք նաեւ հրապարակայնորեն հետեւյալ առաջարկը` տրամադրեք մեզ այդ դահլիճը 20-ին կամ 21-ին կամ 22-ին կամ 23-ին...»

Զուրաբյանը վստահեցրեց, որ այս իրավիճակը չի կարող խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսին իրականացնել իր քաղաքական գործունեությունը. - «Վստահեցնում եմ, որ մենք որեւէ ճանապարհ կգտնենք մեր ասելիքը ժողովրդին հասցնելու համար: Իսկ մենք ունենք լուրջ ասելիք, նախապատրաստված ելույթներ, եւ մենք դա պետք է անենք: Տարբեր հնարավորություններ ենք քննարկում: Հնարավորություններից մեկը այն է, որ, օրինակ, մենք Հայ ազգային կոնգրեսի հավաքը անցկացնենք Վրաստանում»:

Նա հավելեց, որ դրա «տեխնիկական հնարավորությունները ստուգված են». - «Հուսով ենք, որ Վրաստանում ավելի դեմոկրատական մթնոլորտ է»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG