Մատչելիության հղումներ

«7-ի գործով» պաշտպանական խումբը նամակ է հղել Համմարբերգին


Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերին Երեւանում հայտարարել էր, որ հատուկ ուշադրությամբ հետեւելու է 7 կալանավորների մասով քրեական գործի հետագա ընթացքին: Այդ գործի առնչությամբ երկրի նախագահի, գլխավոր դատախազի եւ կալանավորվածների փաստաբանների հետ քննարկման արդյունքում Համմարբերգի նախնական գնահատականն այն էր, որ այդ պահի դրությամբ ինքը «չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ 7 հոգուն մեղադրել կամ դատապարտել բռնությամբ իշխանությունը յուրացնելու մեջ»: Վերջնական կարծիքը Համմարբերգը հայտնելու է մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո:

Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը «մեղադրական եզրակացության հետ արդեն հնարավորություն ունի ծանոթանալու»:

Բացի այդ, պաշտպանական խումբը նամակ-տեղեկանք է ուղարկել Թոմաս Համմարբերգին: Խաչատրյանի փոխանցմամբ, դրանում «հիմնականում նշվում է, թե ինչ թերություններով ու խախտումներով է կազմված մեղադրական եզրակացությունը»:

«Նաեւ [նամակ-տեղեկանքը] անդրադարձել է դատավար Մարտիրոսյանի կողմից 9-օրյա ժամկետում գործի դատաքննությունը նշանակելուն», - հավելեց Արմեն Խաչատրյանը:

Մեղադրական եզրակացությունը, նրա խոսքով, ստորագրել է գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, մինչդեռ պաշպտանական խմբի պնդմամբ, քրեական գործում չկա «որեւէ փաստաթուղթ, որը թույլ կտար Կորյուն Փիլոյանին հաստատել մեղադրական եզրակացությունը»:

Նամակի հեղինակները նաեւ նշել են, որ մեղադրական եզրակացության մեջ այդպես էլ տեղ չեն գտել այնպիսի ապացույցներ, որոնք հիմք կտային գործը ուղարկել դատարան:

Խաչատրյանը նամակից մեջբերեց մեղադրական եզրակացությունում զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ ինքնաձիգով ոստիկանների ուղղությամբ (բայց դեպի օդ) կրակելու համար մեղադրվող Ֆելիքս Գեւորգյանի գործի մանրամասները:

«Ֆելիքս Գեւորգյանի գործը դեռեւս դատարանում է, դեռեւս երկու-երեք նիստ է անցկացվել, բայց մեղադրական եզրակացությունում նրան մեղսագրվող արարքը արդեն համարվում է ապացուցված», - ասաց նա` հավելելով, որ, ըստ նոր ի հայտ եկած հանգամանքների, այդ հրազենը Ֆելիքս Գեւորգյանի մոտ հայտնվել է 2008 թվականի հունիս ամսին` մարտ ամսից երկու-երեք ամիս հետո. - «Եվ այդ փաստը մեղադրական եզրակացությունում ներկայացված է որպես ապացույց»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG