Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը քննադատում է 2009-ի բյուջեն


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը երեկ ուշ երեկոյան տարածել է հայտարարություն, որով խիստ քննադատության է ենթարկել Ազգային ժողովի կողմից անցած ամիս հաստատված «Պետական բյուջեի մասին» օրենքը:

«2009 թվականի պետական բյուջեն կազմվել է առանց լուրջ վերլուծության, քննարկվել եւ ընդունվել է քաղաքական դիմագծից զուրկ, անգործունյա խորհրդարանի կատարյալ անտարբերության պայմաններում», - ասված է հայտարարությունում, որտեղ նշված են հետեւյալ «անխուսափելի արատները». - «բյուջեի կազմման եւ քննարկման ընթացքում որեւէ կերպ հաշվի չեն առնվել եւ չեն արտացոլվել ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները: Տարվա ընթացքում հարկային բնագավառում կատարված փոփոխությունների հետեւանքով հարկային բեռը հիմնականում ծանրացած է փոքր եւ միջին ձեռնարկատերերի վրա, ինչը մինչեւ վերջ քայքայելու է առանց այդ էլ օժանդակության ու հոգածության կարոտ այս շերտը: Որեւէ ուշադրության չի արժանացել ու հաշվի չի առնվել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի, ինչպես նաեւ քաղաքական պատճառներով միջազգային, մասնավորապես «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով ֆինասավորման ամբողջական կամ մասնակի հնարավոր կրճատումը»:

Իրական խնդիրները, ըստ հայտարարության հեղինակների, «փոխարինվում են կեղծ, առաջին հայացքից հմայիչ, սակայն իրականում անբովանդակ կարգախոսներով, ինչպիսինն են «Գյումրին` տեխնոքաղաք», «Դիլիջանը` ֆինանսական կենտրոն», «Հայաստան-Իրան երկաթուղի», «նավթավերամշակաման գործարան» եւ այլն, որոնց համար բյուջեով նախատեսված չեն գումարներ կամ չնչին, ծիծաղելի գումարներ են հատկացվում». - «Ճգնաժամային տարվա բյուջեի ծախսային մասում պետք է լինեին միջոցառումներ` ուղղված հատուկ հակաճգնաժամային ֆոնդի ձեւավորմանը: Բյուջեում չկա նաեւ որեւէ հոդված, որով նախատեսված լինեն միջազգային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու, բարդացող սոցիալական վիճակը մեղմելու, բազմապատկվող գործազրկության աճը կանխելու խիստ հրատապ խնդիրները լուծելու համար նախատեսված ծախսեր»։

«Վարչախումբն ի ցույց է դնում իր անզորությունը լուծելու ժողովրդի եւ պետության առջեւ կանգնած խնդիրները: Նրա գործունեությունը ուղղված է միայն օլիգարխիկ համակարգի շարունակական ամրապնդմանն ու հարստացմանը: Ուստիեւ՝ Հայ ազգային կոնգրեսը, իր ռազմավարական խնդիրն է համարում Հայաստանում օր առաջ օրինական իշխանության հաստատումը եւ երկրի զարգացումը բնականոն հուն վերադարձնելը», - եզրափակում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG