Մատչելիության հղումներ

logo-print

Աճուրդ` իրավապաշտպան նպատակով


Ռոբերտ Քենեդիի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հանդես է եկել ամանորյա անակնկալ նախաձեռնությամբ. կենտրոնն առաջարկում է աճուրդով գնել արտասովոր այնպիսի «նվերներ», ինչպիսիք են այցելություն Կապիտոլիում, ընդ որում, ուղեվարի դերում հանդես է գալու անձամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:

Ամանորյա զարմանալի անակնկալների սիրահարները կարող են արժանանալ աշխարհահռչակ երգչուհի Արեթա Ֆրենքլինի հետ երգելու, Հոլիվուդի աստղ Ջեյմս Բոլդուինի հետ կինո գնալու, կինոյի մեկ ուրիշ գերաստղ Մարտին Շինի հետ ճաշելու պատվին: Բացի այդ, նրանք կարող են «Ֆարելլի Բրադերզ» կինոընկերության ստուդիայում նկարահանվել ֆիլմի փոքր դրվագում:

Այս բացառիկ հնարավորությունները հանվում են ինտերնետային աճուրդի: Տարբեր առաջարկների նախնական գները տատանվում են մի քանի հարյուրից մինչեւ մի քանի տասնյակ հազար դոլար:

Զարմանալի աճուրդի նախաձեռնողը 1968 թվականին սպանված Նյու 3որքի նախկին սենատոր եւ ԱՄՆ-ի արդարադատության նախկին նախարար Ռոբերտ Քենեդիի դուստր Քերրի Քենեդին է: Ռոբերտ Քենեդիի եղբայրը՝ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին:

Աճուրդը բարեգործական է՝ հասույթը փոխանցվելու է հատուկ կենտրոնին, որն իրավական օգնություն է ցույց տալիս երկրի հարավային նահանգներում «Կատրինա» փոթորկից տուժած ներգաղթյալ բանվորներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG