Մատչելիության հղումներ

logo-print

«Դատարանը հակված է մեղադրական դատավճռի կայացման»


«Դատավորի համար մեր ներկայացրած միջնորդությունները ձեւական բնույթ են կրել, եւ դատարանը, ի սկզբանե, հակված է մեղադրական դատավճռի կայացման», - ասված է «7-ի գործով» մեղադրյալների պաշտպանական խմբի երեկ տարածած հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործի դատաքննությունը նշանակել է դեկտեմբերի 19-ին:

Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին, աշխատանքային օրվա վերջին, պաշտպանական կողմը դատավորին է ներկայացրել մոտ 100 էջից բաղկացած 9 միջնորդություններ, որոնք վերաբերվում են քրեական գործը կարճելուն կամ ետ վերադարձնելուն: Ըստ պաշտպանական կողմի տարածած հայտարարության, այն փաստը, որ միջնորդությունները ներկայացնելու հաջորդ օրը Մնացական Մարտիրոսյանը դատաքննություն է նշանակել, «վկայում է այն մասին, որ դատավորի համար մեր ներկայացրած միջնորդությունները ձեւական բնույթ են կրել, եւ դատարանը, ի սկզբանե, հակված է մեղադրական դատավճռի կայացման, քանի որ դատավորի կողմից կանխորոշված է եղել դատաքննության նշանակումը` անկախ միջնորդությունների բովանդակությունից»:

«Անհնարին ու անտրամաբանական է վեց աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ծանոթանալ 41 հատորներում զետեղված քրեական գործի շուրջ 18,000 էջ նյութերին, 255 էջից կազմված մեղադրական եզրակացությանը` եւ մոտ 100 էջից բաղկացած մեր միջնորդություններին, որոնք ուղղակիորեն վերաբերվում են քրեական գործը կարճելուն կամ ետ վերադարձնելուն», - մեկնաբանել են հայտարարության հեղինակները:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողությունները եւս մեկ անգամ ցուցադրում են, որ դատարանը պատրաստվում է կատարել քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվերը, ինչը մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ դատարանը առաջնորդվելու է կանխակալ դիրքորոշմամբ եւ այսուհետ էլ շարունակելու է քաղաքական վենդետան», - եզրակացրել են «7-ի գործով» պաշտպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG