Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նաջարյանը փոշմանել է» խորագրի ներքո «Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Մարտի 1»-ի գործով նախաքննական մարմնի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովից ետ է ուզել իր` մինչ այդ հանձնած տեղեկությունները»: Սամվել Նիկոյանը «Առավոտ»-ին է տրամադրել Վահագն Հարությունյանի նամակը, որտեղ գրված է` ետ վերադարձնել իրենց տրամադրած տվյալները` հետագա հրապարակումը կանխելու նպատակով:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Քաղբանտարկյալների նկատմամբ Սերժ Սարգսյանի ու նրա թայֆայի վերաբերմունքն ակնհայտորեն տարբերակված է: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ ռեժիմը շատ ավելի դաժան է վերաբերվում, ասենք, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին ու Մյասնիկ Մալխասյանին, քան նրանց, ովքեր մինչեւ վերջին նախագահական ընտրություններն էլ ընդդիմություն են եղել: Սա բացատրություն ունի: Առաջին, 10 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու իր թայֆան, որի վերարտադրությունն ապահովվեց հենց մարտի 1-ի ոճրագործությամբ, իշխանությունն ընկալել են որպես հանցավոր ճանապարհով հարստություն կուտակելու միջոց ու այդպես էլ վարվել են: Եվ այդ իրավիճակում շատերը, ում ռեժիմը մինչ այդ «սվոյ» էր համարում, ընդվզել են ու կանգնել են ժողովրդի կողքին: Քոչարյանի թայֆան սա, բնականաբար, չէր կարող ներել: Որովհետեւ նրանց այդ քայլն ավելի ակնհայտ դարձրեց կերակրատաշտից իրենց կառչածությունը: Դա չէին կարող ներել նաեւ օլիգարխները, եւ հոգեբանորեն դա հասկանալի է: Երկրորդ պատճառն այն է, որ ռեժիմը միանգամայն իրավիցորեն ինքն իրեն ընկալում է որպես բանդա եւ գործում է բանդային օրենքներով»:

Քաղբանտարկյալների հարցին միանգամայն այլ մոտեցում ունի խորհրդային ժամանակների քաղբանտարկյալ, այժմ Հանրապետական կուսակցության փոխանագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ով «Հայոց Աշխարհ»-ի` «Իսկ ավելի ճիշտ չէր լինի միանգամից համաներում հայտարարել բոլորին» հարցին պատասխանել է. - «Չմոռանանք, որ արմատական ընդդիմությունը հեղաշրջում կամ հեղափոխություն էր ձեռնարկել։ Այս փաստը հենց իրենք են հաստատում հրապարակային ելույթներով։ Իսկ դա պետության սահմանադրական կարգի դեմ սանձազերծված հանցագործություն է։ Իրավապահ համակարգն ի զորու է եղել կանխել հեղաշրջման այս փորձը, ուստի գոնե դրա կազմակերպիչներն ու հիմնական իրագործողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Բայց դա, կարծում եմ, չպետք է լինեն այսօր ազատազրկվածներից շատ-շատերը, քանի որ նրանք շատ ավելի պակաս մեղավոր են ու արժանի են ներման, քան իրական կազմակերպիչները»։ Իսկ հարցին, թե «Մարտի 1»-ի գործով ազատազրկվածներին կարելի՞ է քաղբանտարկյալ անվանել», Զոհրաբյանը արձագանքել է. - «Ոչ, քանզի նրանք, բացի իրենց քաղաքական հայացքներն արտահայտելուց, նաեւ բռնի, հակաօրինական, քրեական գործողություններ են կատարել եւ դատվել են դրա համար։ Քաղբանտարկյալ կարող է լինել նա, ով բացառապես քաղաքական պայքար է վարել ու որեւէ բռնի, հակաօրինական քայլ չի կատարել»:

«Տարեգրի» հետ զրուցել է քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Ներման դիմում գրած քաղբանտարկյալների մասին Մաթեւոսյանը ասել է. - «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալները համախմբված են եւ հանդես են գալիս մեկ դեմքով: Այստեղ նույնիսկ նման փորձ չեն կարող կատարել: Նման համարձակություն նրանք չունեն: Մյուս քրեակատարողական հիմնարկներում, որտեղ շատ են ազատազրկվածները եւ միմյանց հետ կապ պահպանելը դժվար է, գուցե հնարավոր է նման բան: Ոչ միայն հնարավոր է, այլեւ ակնհայտ է, որ կան նման բաներ: Բայց մեզ մոտ դա ուղղակի բացառվում է: Ես հոգեբանորեն պարզապես պատրաստ եմ այն բանին, որ իշխանությունները կարող են ինձ ապօրինի ազատազրկել: Ես դրա համար հաշվի եմ առել մեր ապօրինի իշխանությունների յուրահատկությունները»:

«Երկիր»-ը տեղեկատվություն է տպագրել այն մասին, որ անկախության հանրաքվեի 17-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի ժուռնալիստների միությունը հարցում է անցկացրել երկրի բնակչության շրջանում: Հարցմանը մասնակցել է 300 մարդ: Նրանց տրվել է հետեւյալ հարցը. «Կարծո՞ւմ եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ է Արցախում նոր հանրաքվե անցկացնել»: Նոր հանրաքվեի անցկացմանը դեմ են արտահայտվել հարցման մասնակիցներից 249-ը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG