Մատչելիության հղումներ

Փաստաբանի համոզմամբ` «7-ի գործով» «հանցակազմ գոյություն չունի»


Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը անցյալ ամիս Երեւանում «7-ի գործի» վերաբերյալ կարծիք էր հայտնել, որ նախաքննությունը «բավականաչափ պրոֆեսիոնալ չի անցկացված»:

Համմարբերգը հավելել էր, որ ամբողջական գնահատականը կտրվի քրեական գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո, եւ այն կընդգրկվի Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացվելիք զեկույցում: Նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին:

Գուցե նաեւ ա՞յս հանգամանքով է պայմանավորված «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանի շտապողականությունը:

Ալեքսանդր Արզումանյանի եւ Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց. - «Ես կարծում եմ, որ հենց դա է իսկապես»:

«Սա մեղադրական եզրակացություն չէ», - հավելեց փաստաբանը: - «Ցանկալին իրականության տեղ են փորձում անցկացնել: Չկա, հանցակազմ գոյություն չունի: Զանգվածային անկարգությունների եւ այս ամբողջի ողջ պատասխանատուն, կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է»:

Հատուկ քննչական ծառայությունից 42 հատորանոց քրեական գործը դատարան է ուղարկվել դեկտեմբերի 1-ին: Դեկտեմբերի 10-ին արդեն դատական նիստը ամսի 19-ին նշանակելու մասին որոշում է կայացրել դատավոր Մարտիրոսյանը: Մինչդեռ, պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացրել:

«Ըստ էության, դատարանը, երբ քրեական գործը ստանում է, նա պետք է ծանոթանա գործի նյութերին», - ասաց Արսենյանը: - «Ստացվում է այնպես, որ նա արդեն ծանոթացել է այս 9 օրում եւ խախտումներ չի տեսել...Դատի տալու որոշում պետք է կայացնի, որ օրն էլ նշանակի: Դա նշանակում է, որ ամսի 9-ով արդեն կայացրել է դա, իսկ ամսի 9-ին ժամը 16-ից հետո ենք մենք ներկայացրել միջնորդությունները: Ինչպես յուրաքանչյուր մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ, այնպես էլ ընդհանուր պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել ընդհանրապես քրեական գործը կարճելու մասին»:

Միջնորդություններ դատարանին ներկայացրել էին նաեւ մյուս ամբաստանյալների շահերի պաշտպանները: Մերժման կամ բավարարելու մասին որեւէ պատասխան նրանք էլ չեն ստացել:

«Ես նաեւ ներկայացրել էի դատակոչի չենթարկված վկաներին` դատարան հրավիրելու եւ նրանց հարցաքննելու մասին միջնորդություն, բայց ոչ մի պատասխան չենք ստացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG