Մատչելիության հղումներ

Իրան - Հայաստան գազատարի հարցում «Ռուսաստանը քաղաքական ճնշում չի գործադրել»


Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւի վստահեցմամբ, Իրան-Հայաստան գազատարի հարցում Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշում չի գործադրվել:

Նրա խոսքով, նորակառույց գազատարով Հայաստան մշտական ռեժիմով իրանական գազ չի մատակարարվելու. դա ընդամենը պահեստային գազատար է, որը գործարկվելու միայն արտակարգ իրավիճակներում, ինչպես, ասենք, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության ժամանակ:

Զայցեւի կարծիքով, միջազգային ֆինանսական ճգնաժամը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների վրա առայժմ այդքան մեծ ազդեցություն չի ունեցել: Հետագայում, իհարկե, ճգնաժամը ինչ-որ ձեւով կազդի, իսկ առայժմ երկու երկրների միջեւ համագործակցությունը միայն աճում է:

«Ամենադրականն այստեղ այն է, որ Հայաստանում այնքան էլ իրեն զգացնել չի տալիս ճգնաժամի տնտեսական բաղկացուցիչը, ինչը բնական է, քանի որ Հայաստանն առայժմ ամբողջությամբ չի ներգրավվել միջազգային տնտեսության մեջ: Ռուսաստանի վրա ճգնաժամի ազդեցությունը շատ ավելի ուղղակի է: Եվ քանի որ մեծ թվով համատեղ հեռանկարային նախագծերը ենթադրում են ռուսաստանյան ներդրումներ, հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների վրա ճգնաժամը որոշակի ազդեցություն կունենա», - ասաց Ալեքսանդր Զայցեւը եւ հավելեց. - «Այսօրվա դրությամբ չեմ կարող նշել որեւէ հեռանկարային նախագիծ, որը վերաբերյալ կրճատելու, սառեցնելու կամ ընդհանրապես դադարեցնելու որոշում կայացված լինի»:

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը նաեւ հայտնեց, թե ծանոթ է հայաստանյան մամուլում «Ռուսական երկաթուղիներին» կոնցեսիոն կառավարման հանձնված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ քննադատական հոդվածներին: Կարդացել է նաեւ ընկերության տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովի պաշտոնանկության մասին լուրը, սակայն դրա իսկությանը չի հավատում, քանի որ, իր խոսքով, անձամբ է դիմել «Հարավկովկասյան երկաթուղի» եւ պաշտոնական հաստատում չի ստացել:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Կուզնեցովը ընկերության ներդրումային փաթեթի հաշվին իր անձնական օգտագործման համար մի շարք շարժական ու անշարժ գույք է ձեռք բերել:

Ալեքսանդր Զայցեւը երեկ նաեւ հերքեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ներդրումային ծրագիրը չկատարելու մասին տեղեկատվությունը. - «2008 թվականի ներդրումային ծրագրով նախատեսվում էր շուրջ 1 միլիարդ ռուբլու ներդրում, մինչդեռ իրականում ներդրվել է 3 միլիարդ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG