Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի Ահտիսաարին` Խաղաղության Նոբելյան մրցանակակիր


Խաղաղության համար տրվող Նոբելյան մրցանակը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում երեկ երեկոյան հանդիսավորությամբ հանձնվեց Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիին: Նա արժանացավ ոսկե մեդալի եւ դիպլոմի: Ահտիսաարիին կհանձնվի նաեւ շուրջ 1 միլիոն եվրո դրամական պարգեւ:

Կոսովոյի հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարին 2008-ի Նոբելյան մրցանակակիր է դարձել հակամարտությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերի համար:

Նոբելյան կոմիտեի հայտարարության համաձայն, երեք տասնամյակ շարունակ «այդ ջանքերը մեծապես նպաստել են աշխարհում խաղաղության ամրապնդմանն ու ժողովուրդների բարեկամությանը»:

Լինելով Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, Ահտիսաարին առաջարկել է հակամարտության կարգավորման ծրագիր, որը նախատեսում էր տարածաշրջանի փաստացի անկախացումը Սերբիայից: Ծրագիրը վայելում էր ինչպես Կոսովայի իշխանությունների, այնպես էլ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության աջակցությունը, սակայն Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշման պատճառով չընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Այս տարվա փետրվարին Կոսովոն միակողմանիորեն անկախացավ Սերբիայից:

Նոբելյան կոմիտեի եւ հանդիսատեսների առջեւ ունեցած ելույթում Մարտի Ահտիսաարին կոչ արեց. - «Չնայած գլոբալ ֆինանսական ճգնաժամին, այսօր անհրաժեշտ է պայքարել աղքատության ու չքավորության դեմ եւ համատեղ ջանքերով լուծում գտնել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հասնելու համար»:

Այս տարվա Նոբելյան շաբաթը մեկնարկել էր դեկտեմբերի 7-ին: Մրցանակների հանձնման երեկվա արարողությունը ծրագրի ամենահանդիսավոր մասն էր:

Գրականության, բժշկության, քիմիայի եւ տնտեսագիտության բնագավառներում մրցանակաբաշխությունը, ըստ ավանդույթի, Ստոկհոլմի համերգասրահում էր: Մրցանակակիրներ են ճանաչվել 12 գիտնականներ Ամերիկայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Գերմանիայից եւ Ֆինլանդիայից:

Նոբելյան մրցանակներն ու մեդալները հանձնեց Շվեդիայի Կառլ Գուստավ 16-րդ թագավորը: Ստոկհոլմի համերգասրահը զարդարված էր 20 հազար ծաղիկներով, որ բերվել էին Իտալիայի Սան Ռեմո քաղաքից, որտեղ կյանքի վերջին տարիներն է անցկացրել 1896 թվականի դեկտեմբերի 10-ին վախճանված Ալֆրեդ Նոբելը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG