Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կազմակերպությունները կոչ են անում դադարեցնել նախկին ԼՂԻՄ-ի քարտեզի ամենօրյա ցուցադրումը հայաստանյան հեռուստաեթերով


Ղարաբաղյան մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով Հայաստանի հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել, իրենց բնորոշմամբ` գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) պատկերը եւ այն փոխարինել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզներով:

Կոչի հեղինակները նշել են, որ Արցախյան պատերազմը «ջնջել է հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական եւ անկենսունակ նախկին սահմանները», իսկ 2006 թվականի դեկտեմբերի 10-ի Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն «ամրա•րել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները»:

«Հայաստանի հանրային, ինչպես նաեւ մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետություն) քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ Սփյուռքի հեռուստադիտողներին», - նշված է նամակում:

«Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար», - եզրակացրել են կոչի տակ ստորագրած 9 կազմակերպությունները, որոնց թվում են` Դաշնակցության` «Արցախի երիտասարդական միություն»-ը, Ազգային ժողովրդավարական կուսակցության եւ «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւերը, «Արցախի երիտասարդ քաղաքագետների ակումբ» եւ «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG