Մատչելիության հղումներ

Շարժական համակարգչային դասարան


Շարժական ինտերնետային-համակարկարգչային կայանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է` համալրված ինտերնետի արբանյակային ալեհավաքային համակարգով:

Կայանը շուտով կմեկնի մարզեր եւ, ըստ պատասխանատուների, հնարավորություն կտա Հայաստանի հեռավոր բնակավայրերի այն դպրոցներում, որտեղ չկան համակարգիչներ եւ ինտերնետային ցանց, կազմակերպել դասընթացներ` «Ինֆորմատիկա» առարկայի պետական ծրագրին համապատասխան:

Կրթական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրեն Արեգ Գրիգորյանը նշեց, որ կայանը նաեւ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կանցկացնի. - «Եվ’ ուսուցիչների, եւ’ աշակերտների համար նախատեսված դասընթացները կտեւեն 2 շաբաթ: Դասարանն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները»:

Տարիներ առաջ առաջին անգամ Հայաստանում շարժական ինտերնետային-համակարգչային կայան ստեղծել եւ շահագործել է «Հարմոնիա» կազմակերպությունը, սակայն անցյալ տարի ծրագիրն ավարտվեց եւ փոխանցվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին: Միայն կայանը ստեղծելու համար պետական բյուջեյից տրամադրվել է շուրջ 29 միլիոն դրամ եւ աշխատանքներն իրականացնելու համար կառավարությունը դեռ պետք է հատկացումներ կատարի:

«Ծրագիրը մշտական չի լինելու եւ պետք էլ չէ, քանի որ դա կնշանակի, որ մեր շրջանների դպրոցները դեռ երկար տարիներ չեն ունենալու համակարգիչներ եւ ինտերնետ ցանց», - ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, ինտերնետային ցանցով ապահովված են հանրապետության միայն 324 դպրոցները, 2009-ի փետրվարին դրանց թիվը կավելանա եւս 320-ով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG