Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես. «Մարդու իրավունքների առումով Հայաստանում ողբալի պատկեր է»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 60-րդ տարեդարձի կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում «այս առումով ողբալի պատկեր է»:

«Իսպառ ոտնահարված են ազատ խոսքի, տեղեկատվություն ստանալու, ազատ տեղաշարժի, նամակագրության գաղտնիության եւ այլ հիմնարար իրավունքներ, ընդհուպ կյանքի իրավունքը: Ոտնահարված է ազատ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքը. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում Համաժողովրդական շարժման թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկեց ընտրողների ջախջախիչ մեծամասությունը, մինչդեռ գլխիվայր շրջվեցին ընտրությունների արդյունքները եւ հաղթող հռչակվեց իշխանական թեկնածուն», - փաստարկում են հայտարարության հեղինակները` շարունակելով. - «Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ խաղաղ ցուցարարների գազանային ջարդ, իսկ նույն օրը երեկոյան խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին նաեւ հատուկ միջոցներ ու հրազեն, զոհվեց առնվազն 10 մարդ: Քաղաքական համոզմունքների համար հետապնդվել ու հալածանքների են ենթարկվել շուրջ 10.000 քաղաքացիներ։ Մոտ 150 մարդ քաղաքական դրդապատճառներով հայտնվեցին անազատության մեջ, նրանցից 67 հոգի առ այսօր էլ դեռ քաղաքական բանտարկյալներ են»։

«Հայաստանի ժողովուրդն իր ամենօրյա պայքարով ապացուցեց, որ ինքն է համամարդկային արժեքների՝ Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի դրույթների, ժողովրդավարության, ազատության գաղափարի նախանձախնդիր կրողն ու ջատագովը՝ ընդդեմ այդ արժեքներն ամեն օր ոտնահարող ու պղծող ավազակապետական վարչակարգի։ Մեր պայքարի հաղթական ելքը անկասկած է, ինչպես անկասկած է հայ ժողովրդի գոյատեւումն ու ապագան։ Միացե՛ք մեր պայքարին եւ դա տեղի կունենա օր առաջ», - ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG