Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը Հայաստանին կօգնի դիմակայել ճգնաժամին


Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հետ «մտածում են, թե ինչպես պետք է բարելավել տնտեսությունը, որ հնարավոր լինի դիմակայել ֆինանսական ճգնաժամին»:

Երեկ Վարուդակիսը ներկայացրեց ծրագրերը. - «Աշխատում ենք երկու ճանապարհով: Առաջինը` փորձում ենք բարելավել վարկերի տրամադրումը փոքր եւ միջին բիզնեսներին, եւ ակնկալում ենք, որ հունվար-փետրվարին կլինի փոքր եւ միջին բիզնեսի աջակցության առաջին վարկային գիծը: Երկրորդ փուլը նախատեսվում է ավելի ուշ: Հաջորդը հանրային ներդրումների ծրագիրն է` առաջիկա չորս տարիների կտրվածքով: Ներկայումս ուսումնասիրվում են այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են ֆինանսական հատկացումներ»:

Արիստոմենե Վարուդակիսը ասաց, թե հստակ չի կարող նշել փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանը համար տրամադրվելիք գումարը. - «Ընդհանուր գումարը կարող է լինել 100-200 միլիոն դոլարի սահմաններում` պայմանավորված կարիքներով»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Համաշխարհային բանկից ակնկալվում է նաեւ 800 միլիոն դոլարի վարկ: Դրա տրամադրման ժամկետի վերաբերյալ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը ասաց. - «Մենք ակնկալում ենք, որ թե’ այդ վարկային ծրագիրը եւ թե’ ամբողջ [2009-2012 թվականների] ռազմավարության ֆինանսավորումը բանկի տնօրենների խորհուրդը կհաստատի մարտին»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG