Մատչելիության հղումներ

Այսօր Բրյուսելում` հարավկոկասյան պետությունների ներկայացուցիչների եւ Եվրամիության քաղաքական խորհրդակցությունների ավարտին թե’ Էդվարդ Նալբանդյանը եւ թե’ Էլմար Մամեդյարովը հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մեկ անգամ եւս հայտարարում են, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը «լրջորեն նպաստելու է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը»:

Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը ղարաբաղյան կարգավորման հարցում, նշեց. - «Ռուսաստանն այս հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն: Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի համանախագահներ են նաեւ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Վերջինը, հանդիսանալով Եվրամիությունում նախագահող պետություն, Մինսկի խմբում ներկայացնում է նաեւ Եվրոպական Միությունը»:

Այս վերջին դիտարկմանը Մամեդյարովը չհամաձայնեց` հայտարարելով. - «Կարծում եմ, որ համանախագահի դիրք զբաղեցնելով` Ֆրանսիան ներկայացնում է իր եւ ոչ թե Եվրամիության շահերը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարութանը, ապա այստեղ Մամեդյարովի գնահատականները ավելի քան դրական էին. - «Մոսկովյան հռչակագիրը, որը երկար տարիների ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված առաջին փաստաթուղթն էր, շատ կարեւոր նշանակություն ունի: Այն կարելի է նույնիսկ յուրատեսակ ուղենիշ համարել Ղարաբաղյան կարգավորման համար: Եվ այս առումով նախագահներին մեկ բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն եւ համատեղ փաստաթուղթ ստորագրելուն ուղղված` Ռուսաստանի նախագահի գործադրած ջանքերը կարելի է միայն ողջունել»:

Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված Արեւելյան գործընկերության ծրագրին, ապա լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ ձգտումներ ունեն կողմերը, արդյո՞ք մասնակցելով այս ծրագրին` հարավկովկասյան պետությունները ցանկանում են ի վերջո դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, պատասխանեցին ե'ւ Հայաստանի, ե;ւ Ադրբեջանի արտգործնախարարները:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց թե իր գնահատմամբ այս ծրագիրը «իր բնույթով բարեկամական է եւ պրագմատիկ»: Էլմար Մամեդյարովն ասաց. - «Եվրամիությանն անդամակցելը միակողմանի գործընթաց չէ, մեր ցանկությունները կարեւոր են, սակայն պակաս կարեւոր չէ Եվրամիության մոտեցումը»:

Եվրահանձնաժողովը ներկայացող Բենիտա Ֆերերո-Վալդների խոսքով, սակայն, «Արեւելյան գործընկերության» ծրագիրը շատ հեռու է անդամակցության առաջարկ լինելուց:

«Սա, իհարկե, շատ մեծ առաջարկ է` արված մեր եվրոպական արեւելյան հարեւաններին: Մենք ճանաչում ենք այս պետությունների եվրոպական ձգտումները, բայց դրա հետ մեկտեղ այս պահին, մեր այսօրվա որդեգրած քաղաքականության պայմաններում, անդամակցության մասին խոսք անգամ չկա», - հայտարարեց Բենիտա Ֆերերո-Վալդները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG