Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանում զոհված պատանին ծագումով հայ էր


Անցյալ շաբաթ օրվանից Հունաստանում զանգվածային բողոքներ են: Մայրաքաղաք Աթենքում եւ հունական առնվազն եւս 7 ավաններում տեղի են ունենում բախումներ ոստիկանական ջոկատների եւ երիտասարդական խմբավորումների միջեւ:

Արմատական բողոքավորների կողմից հարձակումների են ենթարկվել նաեւ արտասահմանում հունական մի շարք դիվանագիտական հաստատություններ:

Այս անկարգությունների առիթը մի երիտասարդի սպանությունն էր: Վրդովված մարդիկ իրավապահներին մեղադրում են բիրտ վերաբերմունքի մեջ: Հանրությանը հատկապես զայրացնում է այն փաստը, որ իրավապահները չեն կարողացել քիչ թե շատ հոդաբաշխ բացատրել, թե ի վերջո ինչո՞ւ է սպանվել պատանին:

Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ սպանված պատանին՝ Ալեքսանդրոս Անդրեաս Գրիգորոպուլոսը ծագումով հայ է, նրա մայրը՝ Ջինա Չալիկյանն է, ով շատ հայտնի ոսկերիչ է, հայտնի բարերար, միշտ մասնակցել է Հայաստանին եւ Արցախին նվիրված բարեգործական միջոցառումներին, դեսպանատան կազմակերպած ձեռնարկներին:

Դեսպանի խոսքերով, ողբերգության ստույգ հանգամանքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Կա մի քանի վարկած. առաջինի համաձայն, տղան իր ընկերների հետ եղել է սրճարանում, որտեղ նետվել է «մոլոտով-կոկտեյլը» (դյուրավառ հեղուկով շիշը), երկրորդ վարկածի համաձայն, ոստիկանը գնդակ է արձակել հենց պատանու վրա: Ըստ երրորդ վարկածի, գնդակն արձակվել է առաստաղին եւ անդրադարձ հարվածով է դիպել տղային:

Այսօր՝ տղայի հուղարկավորության օրը, բախումները Աթենքում շարունակվել են. այս անգամ իսկական մարտի դաշտի էր վերածվել Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ հրկիզել դրանք:

Անկարգությունների ընթացքում վնասվել են մեծ թվով հիմնարկներ, խանութներ, պետական եւ մասնավոր մեքենաներ: Դեսպան Վահրամ Կաժոյանի կարծիքով, տուժած սեփականատերերի թվում, հավանաբար, կլինեն նաեւ հայեր, որովհետեւ այն շրջանում, որտեղ տեղի են ունենում բախումները, կան մեր հայրենակիցներին պատկանող խանութներ եւ ընկերություններ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսն ասել է, որ «ոչ ոք իրավունք չունի օգտագործել այդ միջադեպը որպես անմեղ քաղաքացիների վրա հարձակվելու, նրանց մասնավոր գույքը ոչնչացնելու, ամբողջ հասարակության եւ դեմոկրատիայի վրա հարձակվելու պատրվակ»:

«Երկրի համար այս վճռական ժամին բոլոր կուսակցությունները պարտավոր են միավորվել, դա է դեմոկրատական պահանջը, դա են ցանկանում քաղաքացիները, դա է քաղաքական գործիչներին թելադրում ազգային շահը», - ասել է վարչապետը:

Այս պահին ընդհարումները շարունակվում են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG