Մատչելիության հղումներ

Դատարանը փոխել է Ալեքսանյանի խափանման միջոցը


Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է ազատ արձակել ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանին` 50 միլիոն ռուբլի գրավի դիմաց:

Ալեքսանյանի առողջական վիճակը բժիշկները դեկտեմբերի 5-ին գնահատել են ծայրահեղ ծանր: Դատարանին ներկայացված բժշկական 3 փաստաթղթերում արձանագրված է, որ նրա վիճակը ամեն շաբաթ ավելի է վատանում: Եվ երեկ Մոսկվայի դատարանը բավարարեց քաղցկեղով եւ ՁԻԱՀ-ով հիվանդ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների միջնորդությունը` պահանջելով, սակայն, այնպիսի գումար, որը նրա պաշտպանները «աներեւակայելի» են որակում:

Ալեքսանյանը ազատ կարձակվի այն պահից, երբ նրա հարազատները կվճարեն 50 միլիոն ռուբլի կամ 2 միլիոն դոլար: Ի դեպ, Ալեքսանյանի ողջ գույքը կալանքի տակ է:

«Մի՞թե սա հերթական ծուղակն է, որ մենք չկարողանանք վճարել գումարը, եւ նա շարունակի մնալ կալանքի տակ», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է Ալեքսանյանի փաստաբան Ելենա Lվովան:

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու փաստաբան Յուրի Շմիդտը «ծաղր» է որակել դատարանի որոշումը:

«Եթե խոսքը խոշոր բիզնեսմենի մասին լիներ, դեռ կարելի էր հասկանալ, որ ինչ-որ կերպ գումարը կհայթայթեն: Սակայն Ալեքսանյանը իրավաբան էր, վարձու աշխատող, եւ սա ծաղր է նրա նկատմամբ: Մանավանդ, որ նման հիվանդության դեպքում մարդուն պետք է ազատ արձակեին առանց գրավի»:

Վասիլի Ալեքսանյանը ձերբակալվել է 2006-ի գարնանը եւ մեղադրվում է հափշտակությունների ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ: Ալեքսանյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

Այս տարվա սկզբին, երբ նրա մոտ ախտորոշվեց քաղցկեղ ու ՁԻԱՀ, երկար ժամանակ նրան պահում էին մեկուսարանի հիվանդանոցում` հրաժարվելով տեղափոխել քաղաքային հիվանդանոց: Փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգում էին, որ Ալեքսանյանն անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում: Ալեքսանյանը համոզված էր, որ այսպիսով ցանկանում են ճնշում գործադրել իր վրա, որպեսզի քննությանը ձեռնտու ցուցմունք կորզեն ՅՈՒԿՕՍ--ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու դեմ:

Այդ պայմաններում, ըստ իրավապաշտպանների, Ալեքսանյանի առողջական վիճակը գնալով վատթարացել է: Փետրվարին դատարանը որոշում կայացրեց նրան մեկուսարանից հիվանդանոց տեղափոխելու մասին:

Իշխանությունների այս քայլերը ՅՈՒԿՈՍ-ի նախկին փոխնախագահի նկատմամբ որոշ փորձագետներ համարում են Վլադիմիր Պուտինի անձնական վրեժը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG