Մատչելիության հղումներ

logo-print

Հայ արվեստագետները կոչ են անում Գյուլին ճանաչել Ցեղասպանությունը


Արվեստի շուրջ 300 հայ գործիչներ` այդ թվում Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը, Էդվարդ Միրզոյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արա Շիրազը, ակադեմիկոսներ, դոկտորներ, հասարակական եւ լրատվական կազմակերպությունների ղեկավարներ, բաց նամակով դիմել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

«Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու` նախագահ Սերժ Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ», - ասված է նամակում: - «Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ: Պարոն Նախագահ, այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ գործադրված ահռելի ոճրի հետ, որն անժամանցելի է: Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը: Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը»։

Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներից բաց նամակը ստորագրել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավարը, «Առավոտ», «168 ժամ». «Հայաստանի Հանրապետություն», «Գոլոս Արմենիի» եւ այլ թերթերի խմբագիրները:

«Չեմ կարծում, որ որեւէ իրավական կամ քաղաքական հեռու գնացող հետեւանքներ կունենա այս նամակը, որովհետեւ հազիվ թե հայ մտավորականների խնդրանքով կամ պահանջով Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Սակայն սա մի փոքրիկ քայլ է` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը», - ասաց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: - «Գուցե ավելի շուտ թուրք մտավորականները արձագանքեն այդ նամակին.. Ես կարծում եմ, որ ավելի շուտ հասարակական (ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական) հետեւանքներ կլինեն»:

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, եթե անգամ պաշտոնական որեւէ արձագանք չլինի Թուրքիայի նախագահի կողմից, ապա նամակը, անկասկած, քննարկման առիթ կծառայի:

«Կարծում եմ, այս նամակը հատկանշական է նաեւ նրանով, որ Հայաստանից է ծայր առել, եւ հստակ արտահայտում է մեր հասարակության տեսակետը, որ չի կարելի խուսափել Ցեղասպանությունը ճանաչելու փաստից», - ասաց Մանոյանը:

Նրա խոսքով, Թուրքիան չի կարող ազդեցիկ դերակատար լինել տարածաշրջանում` առանց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, եւ Հայաստանի շրջափակումը վերացնելը Թուրքիայի համար նույնչափ կարեւոր է:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG