Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 60-ամյակը


1948 թվականի դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ-ը) ընդունել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիա: Ըստ պատմաբանների` «գենոցիդ», այսինքն՝ «ցեղասպանություն» տերմինը հեղինակել է Լեհաստանում ծնված հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը, ով ուսումնասիրել է Հայոց Եղեռնը եւ, դիմելով ՄԱԿ-ի նախորդին՝ Ազգերի լիգային, կոչ է արել օրենքով արգելել նմանօրինակ բարբարոսությունն ու վայրագությունը:

Կոնվենցիան մասնակից պետություններին պարտադրում է «կանխել եւ պատժել» ցեղասպանության հանցագործությունը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր սպանում կամ գործում են այլ դաժան հանցանքներ`«նպատակ ունենալով մասնակի կամ լիովին ոչնչացնել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որեւէ խմբավորում»:

«Գենոցիդ» տերմինը շրջանառության մեջ է մտել1943 թվականին եւ կազմված է հունարեն «գենոս»՝ այսինքն ընտանիք, ազգ կամ ցեղ, բառի արմատից եւ լատիներեն «ցիդ»՝ սպանել, բայարմատից:

Լեմկինը սահմանել է «գենոցիդ» հասկացությունը` հետազոտելով նախ` Հայոց Եղեռնի, ապա Սիմելի սպանդի եւ hրեա ժողովրդի Հոլոքոստի նյութերը: Սիմելի սպանդ են անվանել 1933 թվականին Իրաքի հյուսիսում բնակվող շուրջ 3 հազար ասորիների զանգվածային կոտորածը, որը կազմակերպել եւ իրականացրել է Իրաքի կառավարությունը: Պատմաբանները նշում են, որ ասորիներն Իրաքում ցեղասպանության են ենթարկվել նաեւ առաջին աշխարհամարտի տարիներին, երբ այդ երկրիրը դեռ Օսմանյան Թուրքիայի կազմում էր:

Հոլոքոստը նույնպես հունարեն տերմին է, որը կազմված է «հոլոս»` աբողջովին եւ «կաուստուս» այրել բառերից: Հրեաների Հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների իրագործած ողջակիզումն է, որի զոհ է դարձել շուրջ 6 միլիոն հրեա:

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 60-ամյակի կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասվում է. - «Աշխարհը շարունակում է ականատես լինել մարդկային արժանապատվությունը ոտնահարող սարսափելի գործողությունների: Շատ հաճախ միջազգային արձագանքը եղել է ոչ համարժեք»: Ուղերձում Բան կի-Մունը արձանագրել է, որ այսօր ցեղասպանությունը շարունակում է մնալ որպես լուրջ սպառնալիք:

«Այս տարեդարձի օրը կոչ եմ անում բոլոր պետություններին` կատարել Կոնվենցիայի պահանջները եւ աջակցել Ցեղասպանությունն ու մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները կանխելու մեր ջանքերին: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի մեր երեխաները ապրեն` զերծ մնալով իրենց էթնիկ, ազգային, կրոնական կամ ռասայական պատկանելության պատճառով սպանվելու վախից», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG