Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» խմբակցությունը պահանջում է վերանայել Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու մասին որոշումը


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այսօր տարածել է հայտարարություն, որով իշխանություններից պահանջում է անհապաղ վերանայել Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիության ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու «անբարո որոշումը եւ չարժեզրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վեհ ինստիտուտը ամոթալի երախտամոռությամբ»:

Սեֆիլյանի դիմումը մերժվել է նախագահ Սերժ Սարգսյանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի հրամանագրով:

«Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավը հերթական անգամ դրսեւորեց ներքաղաքական հարցերում սեփական խմբային շահերով (այլ ոչ` օրենքի ուժով) առաջնորդվելու իր մանրախնդիր էությունը` մերժելով Արցախյան ազատամարտի հերոսներից Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիության տրամադրումը», - ասված է խմբակցության տարածած հայտարարությունում: - «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, Հայկական զինված ուժերի փոխգնդապետ, նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չտրամադրելը «Ժառանգություն» խմբակցությունը դիտարկում է որպես ընդգծված միտումնավորություն, նաեւ խարան` դրոշմված սփյուռքահայ մեր բազմամիլիոն հայրենակիցների հետ չափազանց կենսական հարաբերությունների վրա»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG