Մատչելիության հղումներ

Անցած կիրակի նշվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցը: Հիշատակի արարողություններ տեղի ունեցած ամբողջ Հայաստանում, ինչպես նաեւ բազմաթիվ երկրների հայկական համայնքներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Գյումրի: Այստեղ էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված հոգեհանգստյան կարգին եւ Սուրբ պատարագին:

Այնուհետեւ պատվիրակությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոտքով անցավ հրապարակը` դեպի Ամենափրկիչ եկեղեցին, որի բակում բացվեց մոսկվաբնակ հայազգի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հեղինակած հուշարձանը:

«Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները», - մինչեւ հուշարձանի բացումը իր ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: - «Երբ ասում եմ` ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն եւ օրեցօր բարելավվող կյանքը: Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք: Չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին, մենք սրան հասնելու ենք»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեցին Վանաձորում կայացած արարողություններին:

Աբրահամյանը այստեղ ասաց, որ Հայաստանում դեռեւս 7 հազար անօթեւան ընտանիք կա` վստահեցնելով, թե չորս տարի անց երկրում ժամանակավոր կացարանի բնակիչ չի լինի:

«Կառավարության եռամյա ծրագրում 71 միլիարդ դրամի շինարարություն է նախատեսված, կառուցելու ենք մոտ 600 հազար քառակուսի մետր բնակելի տարածք, եւ բաժանվելու է անօթեւաններին», - ասաց Աբրահամյանը:

Պաշտոնական տվյալներով, Վանաձորում աղետից տուժած ու տնակներում բնակվող 60 ընտանիք կա: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքով, 2009 թվականին նրանց պետբյուջեից կտրվի բնակարանների գնման վկայագիր:

«2009 թվականին միայն ԲԳՎ [Բնակարանների գնման վկայագրեր] ծրագրի շրջանակներում կառավարության ֆոնդից հատկացվելու է 4 միլիարդ դրամ գումար, եւ ես համոզված եմ, որ Վանաձոր քաղաքում 2009 թվականին արդեն երկրաշարժի հետեւանքով տուժած ընտանիքներ չեն լինի», - ասաց նա` հավելելով. - «Բացի դա, մարզում 1800 ընտանիք մինչեւ այժմ չեն բարելավել իրենց բնակարանները, եւ 2009 թվականից արդեն կսկսվի անհատական բնակարանային շինարարությունը, եւ մինչեւ 2013 թվականը այդ հարցը նույնպես կկարգավորվի»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության` այսօր տարածած տարածած հաղորդագրությունների համաձայն, երկրաշարժի տարելիցը նշվել է Միացյալ Նահանգներում, ԱՊՀ-ի եւ եվրոպական մի շարք երկրներում:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի եւ Կարինե Սիմոնյան, Վանաձոր

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG