Մատչելիության հղումներ

logo-print
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի փաստաբանները պատրաստվում են վաղը Վերաքննիչ դատարանում բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Այվազյանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, թե վերաքննիչ ատյան բողոք են ներկայացնում ոչ թե այն պատճառով, որ հավատում են հայաստանյան արդարադատությանը, այլ` «Եվրադատարան դիմելու համար անհրաժեշտ է երկրի ներսում անցնել դատական բոլոր ատյաններով»:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին Սմբատ Այվազյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման`ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Այվազյանի փաստաբանները համոզված են, որ Եվրադատարան դիմելու դեպքում իրենց պաշտպանյալը միանշանակորեն անմեղ կճանաչվի, քանի որ «ոստիկանություն բերման ենթարկելով, նրան ապօրինի անազատության մեջ պահելով» խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, որոնց վրա առաջին ատյանի դատարանը «աչք է փակել»:

Լուսինե Սահակյանի համոզմամբ, Այվազյանին դատապարտելու իրական պատճառն այն է, որ իր պաշտպանյալը «մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին», ինչի «իրավունքը նա ուներ»:

«Հանձնարարություն էր տրված ոստիկանությանը, ընդ որում` ղեկավարությանը, որպեսզի Սմբատ Այվազյանի նկատմամբ որեւէ հանցակազմ պատրաստվի», - ասաց Այվազյանի շահերի պաշտպաններից Հովիկ Արսենյանը` շարունակելով. - «Եվ պատրաստել են չափազանց շինծու, չափազանց անգրագետ, տգետ ձեւով, ինչով հեղինակազրկում են ոչ միայն մեր պետությունը, այլեւ ողջ իրավապահ համակարգը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG