Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ուղերձ է հղել երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ


«Լորան ու ես մեր վշտակցությունն ենք հայտնում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած հուժկու երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ», - ասված է Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջորջ Բուշի ուղերձում, որը այսօր տարածել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Այսօր, 20 տարի անց, մենք վերստին հիշում ենք Ամերիկայի ու Հայաստանի ամուր կապերն ու հայ ժողովրդի աննկուն ոգին։ Հայ ժողովուրդը կարողացավ վերապրել այս ողբերգությունը եւ ճանապարհ հարթել դեպի պայծառ ապագա՝ լեցուն հույսով ու հնարավորություններով։ Եռանդագին աշխատանքի ու միջազգային հանրության, այդ թվում եւ Միացյալ Նահանգների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց իր անկախությունը։ Այսօր մեր ժողովուրդները քայլում են կողք-կողքի՝ ձգտելով խաղաղության, բարեկեցության ու ազատության հանուն մեր երկրների քաղաքացիների ու ողջ աշխարհի», - ասված է ուղերձում։ - «Ես միանում եմ իմ բոլոր ամերիկացի հայրենակիցներին ու բոլոր հայերին՝ հիշատակի տուրք մատուցելու այս ազգային ողբերգության տարելիցի առիթով։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին աղետին ու մեր լավագույն մաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ հայերին այս պահին, երբ դուք հիշում եք Ձեր սիրելիներին ու այն դժվարությունները, որ հաղթահարել եք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG