Մատչելիության հղումներ

logo-print
Ուրբաթ օրը Վրաստանում պաշտոնից զրկվեցին 4 նախարարներ, այդ թվում` պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիին ու արտգործնախարար Էկա Թքեշելաշվիլին: Այնուհետեւ տեղեկություններ ստացվեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Lոմայայի եւ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Իրաքլի Ալասանիայի պաշտոնանկության մասին:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կադրային փոփոխությունները հիմնավորեց «պատերազմի եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացած նոր մարտահրավերները հաղթահարելու համար համաձակ եւ կտրուկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ»:

Վրացական ընդդիմությունը հայտարարել է, որ այս փոփոխություններով Սահակաշվիլին փորձում է ռուս-վրացական պատերազմում կրած պարտության եւ տարածքների կորստի պատասխանատվությունը բարդել պաշտոնից ազատված նախարարների վրա:

Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում արդարացված համարեց նախարարներին փոխելու որոշումը, նշելով, որ նախագահ Սահակաշվիլիի այս քայլը անակնկալ չէր. պատերազմից հետո պաշտպանության նախարարը երեք անգամ ազատման դիմում էր գրել, կրթության նախարարը թերացել է գործում, իսկ արտգործնախարար Էկա Թքեշելաշվիլիին, ըստ Բայբուրդի` հավանաբար նոր պաշտոն կտրվի դատաիրավական բնագավառում:

«Կարելի է մեկնաբանել հազար ձեւով: Ընդդիմության մշտական պահանջն է դա: Ով գալիս է բոլորի դեմ ընդդիմությունը խոսում է: Իրականում դա այդպես չէ», - պատասխանատվությունը հեռացածների վրա բարդելու մասին` ընդդիմության պնդումները մեկնաբանեց Վան Բայբուրդը:

Երեկ բաց նամակ էր տարածել Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին` «շատ ուշացած եւ անարդյունավետ» որակելով նախարարների ու դեսպանների պաշտոնանկության քայլը:

«Նման ամոթալի ռազմական պարտությունից, տարածքներն ու զինված ուժերի մի մասը կորցնելուց հետո, ոչ մի ժողովրդավարական երկրում պաշտպանության նախարարը պաշտոնում ոչ թե 4 ամիս, այլ նույնիսկ 48 ժամ չէր մնա», - նշված է նամակում: Ըստ Զուրաբիշվիլիի`կատարվածի ողջ պատասխանատուն գլխավոր հրամանատարն է, եւ ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը:

Սալոմե Զուրաբիշվիլին նման հայտարարություններ հնչեցնող հերթական գործիչն է: Սաակաշվիլիին պատերազմի համար մեղադրում են նաեւ Lեյբորիստները, «Նոր Աջեր» կուսակցությունը:

Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեից հետո, օրերս նոր ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին հայտարարեց նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG