Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 6-ը դեկտեմբերի)

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը եկել է բավական յուրահատուկ հետեւության. - «Արեւմտյան ժողովրդավարություն մեզանում լինել չի կարող, այլապես կպատառոտենք միմյանց։ Դրա համար էլ «մեր ժողովրդավարությունը» կարող է գոյություն ունենալ միայն ինչպես, օրինակ, դպրոցական ինքնակառավարումը. երեխաներին հնարավորություն են տալիս, ենթադրենք, հետեւելու կարգուկանոնին դասամիջոցների ժամանակ, իսկ այ, դպրոցի վերանորոգման հարցը պիտի լուծի միայն տնօրենը»։ Մեկնաբանը ընդհանրացնում է. - «Այնքան ժամանակ, քանի դեռ մեզանում բացակայում է քաղաքական իրական մրցակցության համակարգը, մենք կամայականություններից պաշտպանվելու համար կորոնենք «այս աշխարհի հզորներին»։ Ոմանց այդ միջոցը հաջողություն կբերի, բայց մեծամասնությունը իշխանության համար առաջվա պես կմնա ոչինչ չնշանակող «մարդուկներ», որոնց կարելի է անպատիժ հալածել»։

«Ժամանակ Երեւան»-ը տեղեկացնում է. - «Որոշ քրեակատարողական հիմնարկներում եռուզեռ է. այցելում են «Մարտի 1-ի» գործով որոշ կալանավորների, փորձում են համոզել, որ Սերժի անունով «ներման» դիմումներ գրեն, գրելու դեպքում` դրանց օպերատիվ ընթացք են տալիս: Իշխանության այս «ակցիան» երկակի իմաստ ունի. նախ` վարձահատույց լինել եւ ազատ արձակել այն մի քանի մարդկանց, ովքեր ընդդիմության հետ կապ չունեն, «ներդրվել» են վարչախմբի կողմից` մարտի 1-ին խանութների թալանը կազմակերպելու եւ ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով: Եվ երկրորդ` փորձել «ներման» դիմումներ կորզել նաեւ որոշ կալանավորված ընդդիմադիրներից: Վերջին հաշվով` սա կներկայացվի Եվրախորհրդին եւ կասվի, թե տեսեք` «Մարտի 1»-ի գործով այսքան մարդ է ազատ արձակվել, ու նրանք բոլորն էլ «ներում» են հայցել նորին գերազանցություն Սերժ Սարգսյանից»:

Նույն խնդիրը մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը. - «Քաղբանտարկյալների հարցի նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած վերաբերմունքը սկսել է անհանգստացնել իշխանական որոշ շրջանակների: Այդ շրջանակները կարծում են, որ պետք է «մարտի 1-ի էջը փակել», այսինքն` ազատ արձակել այս գործով կալանավորված բոլոր ընդդիմադիր գործիչներին: Նման դիրքորոշման պատճառը ոչ այնքան կամ ոչ միայն Հայաստանում առկա անառողջ մթնոլորտն է կամ եվրոպական կառույցների ճնշումը, այլ իշխանական այդ ուժերի մտավախությունը սեփական ճակատագրի վերաբերյալ... Մերձիշխանական որոշ շրջանակներ զգում են, որ պրոցեսի շարունակության դեպքում իրենք կարող են եւ պետք չգալ Սերժ Սարգսյանին... Ի վերջո, բռնապետացումը ենթադրում է բոլոր լծակների մաքսիմալ կենտրոնացում մեկ անձի կամ խմբի ձեռքում: Իսկ սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում իշխանության «կոալիցիոն» տրամաբանությունը կարող է խաթարվել` եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո: Իշխանական արդեն հայտնի շրջանակները արդեն հարցի չլուծումը սկսում են ընկալել որպես իշխանության քաղաքական եւ տնտեսական համակարգից իրենց դուրս թողնելու նախերգանք: Այս պատճառով սկսել են անհանգստության նշաններ ցույց տալ»:

Խնդրին այլ մեկնաբանություն ունի «Չորրորդ իշխանություն»-ը. - «Օլիգարխները կտրականապես դեմ են արտահայտվում քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Սա նույնպես հասկանալի է. քաղաքական խնդիրները նրանց չեն հետաքրքրում, եւ նրանք առաջնորդվում են բացառապես տնտեսական շահերով ու կրիմինալ չափանիշներով: Օլիգարխները քաղբանտարկյալների ազատ արձակման դեմ արտահայտվելու երկու հիմնական պատճառ ունեն: Առաջին. մարտի 1-ից հետո նրանցից մի քանիսը, չդիմանալով գայթակղությանը եւ ոտնահարելով ոչ միայն մարդկային տարրական բարոյականության չափանիշները, այլեւ կրիմինալ աշխարհում գործող չգրված օրենքները, փորձել են տիրանալ իրենց նախկին «լավ ախպերների» ունեցվածքին: Երկրորդ պատճառն այն է, որ այդ օլիգարխներից մի քանիսը ոչ միայն օգտվել են մարտի 1-ի «ընձեռած հնարավորություններից», այլեւ հենց իրենք շատ լուրջ եւ անմիջական մասնակցություն են ունեցել այդ ոճրագործությանը: Ժամանակի ընթացքում, իհարկե, կպարզվի, թե հատկապես որ օլիգարխի թիկնապահները որ մասում են տեղաբաշխված եղել, ում ինչ հանձնարարություն է տրված եղել եւ այլն»:

«Կապիտալ» օրաթերթը տեղեկացնում է. - «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նախատեսում է հատուկ լեռնային ստորաբաժանումներ ստեղծել Հարավային Օսիայում, Աբխազիայում, Հայաստանում, Տաջիկստանում, Ուրալում եւ Հեռավոր Արեւելքում տեղակայված ռազմական բազաների կազմում: Ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարության կազմում կա երկու լեռնային բրիգադ, որոնք գտնվում են Կարաչաեւո-Չերկեսիայում եւ Դաղստանում: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կազմում կա լեռնային մեկ բրիգադ Կաբարդինո-Բալկարիայում: Լեռնային գոտիներում տեղակայված բոլոր զորամասերում կստեղծվեն գումարտակի թվականակ ունեցող ստորաբաժանումներ, որոնք պատրաստված կլինեն բարձր լեռնային շրջաններում մարտական գործողությունների համար»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG