Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Իվանի Ռիժկովին «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով նրան Հայրենիքի շքանշան:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ վերականգն-ղական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են նաեւ Յուրի Բատալինը, Վալերի Ռուդակովը, Նիկոլայ Բեխը եւ Լեոնիդ Պոլոնսկին:

Բարձր պարգեւները այսօր հանդիսավորությամբ հանձնվել են Հայաստանի նախագահի նստավայրում:

Շնորհավորելով պարգեւատրվածներին, Սերժ Սարգսյանը ասել է. - «Հանձնելով պետական այս բարձր պարգեւները ես կատարում է մեր ժողովրդի կամքը»: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց ոչ միայն երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցելու, այլեւ` առաջին հերթին այդ դաժան օրերին մեր ժողվրդին ցուցաբերած բարոյական աջակցության եւ մարդկային ջերմ վերաբերմունքի համար:

Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանի բարձրագույն պետական պարգեւը շնորհելու համար, եւ նշել. - «Հպարտ եմ, որ հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին եղել եմ նրա կողքին, եւ շատ զգացված, որ իմ աշխատանքը նման բարձր գնահատականի է արժանանում»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG