Մատչելիության հղումներ

Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության պայմանագրի մշակման նախաձեռնությանը


Այսօր Հելսինկիում Եվրոպայի անվտանգության եւ համագործցակության կազմակերպության արտգործնախարարների հանդիպման ընթացքում ներկայացվել է Եվրոպայի անվտանգության մասին պայմանագրի մշակման Ռուսաստանի նախաձեռնությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում ներկայացնելով Եվրոպայի անվտանգության պակտի գաղափարը, ասել է, թե նման պայմանագրի կնքումը կբարելավի համաշխարհային կայունությունը:

«Մենք կարծում ենք, որ Եվրոպական անվտանգության պայմանագիրը դրական ազդանշան կլինի [նաեւ] Եվրատլանտյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար: Ես վստահ եմ, որ մեր տարածաշրջանի կայունության խնդիրը ավելի հաստատուն հիմքերի վրա դնելով` մենք կցրենք այն կասկածները, թե [մեր երկրներից] որեւէ մեկը կարող է սպառնալիք ներկայացնել արտաքին գործընկերների համար», - ըստ «Ռոյթերզ» գործակալության` հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, դիմելով արտգործնախարարների լիագումար նիստին, իր աջակցությունն է հայտնել Եվրոպական ապահովության նոր պայմանագրի մշակման ռուսաստանյան նախաձեռնությանը:

«Ակնհայտորեն Եվրոպան նոր ապահովության համակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի բոլոր առկա խնդիրները», - Հայաստանի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն ասել է Էդվարդ Նալբանդյանը: - «Ահա թե ինչու մենք աջակցում ենք Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նպատակով խորհրդաժողով գումարելու նախաձեռնությանը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ռուսաստանի նախաձեռնությունը սատարում են նաեւ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

Արեւմտյան մի շարք երկրներ սառնությամբ են ընդունել Ռուսաստանի առաջարկը: Ամերիկյան պաշտոնյաները, մասնավորապես, նշել են, որ Եվրոպական անվտանգության պայմանագրի առաջարկով Ռուսաստանը փորձում է թուլացնել ՆԱՏՕ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG