Մատչելիության հղումներ

Այսօր, կյանքի 80-րդ տարում վախճանվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը:

Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Հայր Վլադիմիր Վիգիլյանսկին տեղեկացրել է, որ Ալեքսի երկրորդը վախճանվել է առավոտյան` Պրեդելկինոյի իր նստավայրում:

Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի երկրորդը աշխարհի խոշորագույն ուղղափառ եկեղեցին ղեկավարել է 1990 թվականից:

«Խոր վշտով տեղեկացանք Մեր սիրեցյալ եղբոր, Ալեքսի Բ Պատրիարքի անժամանակ եւ անսպասելի մահվան մասին: Աստված կանչեց նրան Իր մոտ, բնակեցնելու Իր հոտի քաջ եւ բարի հովիվների կողքին: Մեր սրտերը, սակայն, վշտացած են նրա հետ բաժանումից», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցավակցական խոսքում` ուղղված Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին: - «Հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովրդի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Եկեղեցական դասի` Մեր վշտակցությունն ու սրտակցությունն ենք բերում Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սրբազան Սինոդին, ողջ հոգեւոր դասին, Ռուսաստանի Դաշնության պետական այրերին եւ բարեպաշտ ժողովրդին»:


«Հոգու մխիթարությամբ ենք անդրադառնում, որ միշտ ջերմ են եղել մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաեւ մեր պաշտոնական փոխայցելություններում եւ մտերմիկ հանդիպումներում: Մենք միշտ քաղցրությամբ պիտի կրենք մեր հոգում այդ հանդիպումների հուշը, նրա անհուն սերը, հայրական խնամքն ու հոգատարությունը Ռուսաստանի Դաշնության օրհնյալ հողում ապրող մեր ժողովրդի զավակների հանդեպ», - ասել է Վեհափառ Հայրապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG