Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանը պատրաստ է մասնակցել հարավկովկասյան տրանսպորտային ծրագրերին»


Բաքվում ընթացող TRACECA-ի համաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը` տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը, ասել է, թե Հայաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում իրականացվող տրանսպորտային ծրագրերին:

«Եթե առաջարկներ ստացվեն մասնակցելու տարածաշրջանում իրականացվող խոշոր ծրագրերին, ապա մենք կարող ենք քննարկել այդ հարցը եւ շնորհակալ կլինենք», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ասել է Գրիգորյանը, նշելով, որ TRACECA-ն կարեւոր դեր է խաղում տարածաշրջանը Եվրոպային ինտեգրելու գործում:

Համաժողովի ընթացքում Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի կառուցումը կավարտվի 2011 թվականին: «Շինարարության հետ կապված խնդիրներ չկան», - ասել է Բինալի Յիլդիրիմը:

Բաքվում անցկացվող հանդիպմանը մասնակցում են ավելի քան 20 երկներ, որոնցից 12-ը TRACECA-ի անդամ են: Բաքու են ժամանել նաեւ միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:

TRACECA ծրագրի նպատակը Եվրոպա - Կովկաս - Ասիա հաղորդակցության ուղիների զարգացումն է: Կովկասը որպես տրանսպորտային միջանցք զարգացնելու գաղափարը առաջ է քաշվել 15 տարի առաջ Եվրոպայի խորհրդի կողմից:

10 տարի առաջ հիմնադրվեց TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովը, որի կենտրոնական շտաբը գտնվում է Բաքվում:

TRACECA-ին անդամակցող երկրներն են` Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ուզբեկստանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG