Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը գրում է. - «Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակից Վալերիկ Գեւորգյանը վերջին 1 տարվա ընթացքում իշխանության ձեռքով գործարանը կործանման տանող գործողությունների դեմ իր եւ իր գործընկերների բողոքը հայտնելու համար հոկտեմբերի 30-ին իրազեկում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` խաղաղ հանրահավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանն ուղարկել է պատասխան գրություն, որով, ըստ էության, մերժվել է հանրահավաքի եւ երթի անցկացումը»:

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է երեկ Հելսինկիում կայացած` Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը. - «Մինսկի խմբում համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները նաեւ ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն, որն իր բովանդակությամբ թերեւս աննախադեպ է. - «Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին մոտակա ամիսների ընթացքում ջանքեր գործադրել կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար, եւ այնուհետեւ անցնել դրա հիման վրա համաձայնագրի նախագծի կազմմանը»: Հարցը դրված է շատ կոնկրետ` մոտակա ամիսներին ավարտել կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքները: Այսինքն` կա կոնկրետ ժամանակահատված եւ կոնկրետ նպատակ: Ուշագրավ է նաեւ, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի արտգործնախարարությունների հայտարարության մեջ կա նաեւ կողմերին ուղղված կոնկրետ գործողության առաջարկ. - «Ինչպես նաեւ մենք կողմերին կոչ ենք անում վստահության ամրապնդման համար որոշակի միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, սկսել աշխատանքը դիպուկահարների հեռացումից` քաղաքացիներիների եւ զինծառայողների կյանքը պահպանելու նպատակով»: Պետք է արձանագրել, որ առաջին անգամ է այսպիսի բարձր մակարդակով ստորագրված փաստաթղթում նման կոնկրետ գործողություն առաջարկվում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի իշխանություններին»:

«Տարեգիր»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանի հետ, որը լուրջ չի վերաբերում բոլոր նրանց հայտարարություններին, ովքեր Մայնդորֆյան հռչակագիրը փորձում են ներկայացնել հայկական կողմի հաղթանակ: Նա ասում է. - «Ինձ համար անընդունելի է, քանի որ այդ հռչակագիրը նենգափոխում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը: Այստեղ կարեւոր է ոչ թե հռչակագրի բովանդակությունը, այլ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը չմասնակցեց այդ հռչակագրի ստորագրմանը»: Փոխարենը նա լուրջ է վերաբերում Ալիեւի այն հայտարարությանը, թե այդ հռչակագիրը Ադրբեջանի մեծ հաղթանակն է, եւ հիմնավորում է. - «Հիմա ոչ ոք չի ասում, թե Ադրբեջանի նախկին տարածքում խնդիր կա: Ասում են, սարերում ապրող ինչ-որ մարդիկ կան, որ պետք է անվտանգ ապրեն: Մինչդեռ, 5 տարի շարունակ ասում էին, որ այդտեղ գոյություն ունի սուբյեկտ, որի կարգավիճակն էլ հենց բանակցությունների էությունն է»: Լեռնային Ղարաբաղի հարցում նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել միայն պաշտոնական հայտարարություններին. - «Լեռնային Ղարաբաղի կուլուարային խոսակցություններին ես անլուրջ եմ վերաբերում: Եթե իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերին հստակ չեն պատասխանում, գնում են ինչ-որ տեղ հավաքվում եւ քննարկումներ են կազմակերպում, դա արդեն վտանգավոր է»:

«Կապիտալ» օրաթերթը զրուցել է էներգետիկ հարցերով փորձագետ, դոկտոր Պետրոս Թերզյանի հետ: Նա ասում է. - «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նավթի գնանկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ այս երկիրը հենց նոր է առավելագույնի հասցրել նավթի արդյունահանման ծավալները, բայց դեռեւս ամբողջովին չի ապահովել վերջին մի քանի տարիների ընթացքում նավթի արդյունահանման ծավալների մեծացման նպատակով կատարված ներդրումների վերադարձելիությունը: Բացի դրանից, Ադրբեջանում եւ աշխարհի այլ երկրներում էապես բարձրացել է նավթի արդյունահանման ինքնարժեքը: Արդյունքում մեկ միավոր նավթի արդյունահանման ինքնարժեքը կարող է գերազանցել դրա վաճառքի գինը»:

«Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է փորձագիտական խմբի աշխատանքին. - «Ընդդիմությունը, երբ արդեն հրապարակվեց խմբի ստեղծման մասին նախագահի կարգադրությունը, իրենց փաստերը «մի կողմ դնելով», նախ՝ սկսեցին քննարկել կարգադրության սահմանադրականության հարցը եւ հայտարարեցին, թե այն հակասում է Հիմնական օրենքով սահմանված ՀՀ նախագահի լիազորություններին։ Իսկ մինչ կարգադրության հրապարակումը փաստերը շալակած զգուշացնում էին, թե նախագահի հրամանագրով ստեղծված խմբում չեն աշխատի։ Այ մարդ, եթե փաստեր ունեք, դրանք օր առաջ խմբին հասցնելու մասին մտածեք, մանավանդ որ այն ձեւավորվեց ձեր ուզած պարիտետային սկզբունքով։ Փաստեր ունեցողը երկար-բարակ կմտածի՞, թե ինչպես կամ ում կողմից է ստեղծվում խումբը... Վերջերս կրկին «վերահաստատելով» իրենց սպառնալիքը, այս անգամ էլ բողոքեցին, թե խմբի աշխատավայրը դուր չի գալիս եւ պահանջեցին, որ այն գործի Մարդու իրավունքների գրասենյակի տարածքում։ Մեկը հարցնող լինի, ախր, ինչ տարբերություն՝ խորհրդարանո՞ւմ կգործի խումբը, թե՞ Արմեն Հարությունյանի օֆիսում։ Աշխատավայրի ընտրության պատճառաբանությունն ընդհանրապես տխմարություն է։ Հայտարարեցին, թե ԱԺ այցելող վկաները վերահսկելի են դառնում, նրանց ինքնությունը վարչախումբը հանգիստ կարող է բացահայտել։ Ախր ձեր իշաբեռ փաստերը թողած, ի՞նչ վկաների մասին եք մտածում»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG