Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Խաղաղ պայմանագրի առաջին կետը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքով, Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը դարձավ հերթական քայլը բանակցային գործընթացում` Մոսկվայում երկու երկրների նախագահների հաջող բանակցություններից եւ միջնորդների տարածաշրջանային այցից հետո:

«Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ, Բրայզան այդ մասին ասել է` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ դեկտեմբերի 3-ին կայացած բանակցությունների արդյունքը:

Դիվանագետն ասել է, որ բանակցություններում առաջընթաց է զգում, թեեւ կողմերի միջեւ դեռեւս տարաձայնություններ են պահպանվում:

«Այդ տարաձայնությունները հարթելու միակ եղանակը բանակցությունները շարունակելն է», - նկատել է նա:

Ամերիկացի դիվանագետն ասել է, որ խաղաղ պայմանագրի առաջին կետը պետք է վերաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. - «Սակայն պայմանագիրը չի կարող կայանալ, եթե նրանում չլինեն կետեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որոշակի աստիճանի եւ ուժ չգործադրելու վերաբերյալ: Այդ բոլոր սկզբունքները պետք է ներառվեն պայմանագրում»:

«Ամենակարեւորն այն է, որ երկու երկրների նախագահները որոշակի մակարդակով զգում են փոխադարձ վստահության մեկնարկը: Անկասկած, նրանց միջեւ արդեն հարգանք կա, եւ քայլ առ քայլ նաեւ վստահություն ձեռք կբերվի»,- կարծիք է հայտնել Մեթյու Բրայզան:

Նա շեշտել է, որ ղարաբաղյան կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի. - «Ես գիտեմ` ոչ ոք պատերազմ չի ցանկանում, այդ թվում` նաեւ նախագահ Ալիեւը»:

Մեթյու Բրայզան նաեւ կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Նրա խոսքով, չնայած որոշ տարաձայնությունների առկայությանը` Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:

Այսօր, ըստ «Մեդիամաքս»-ի, Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ-ի Նախարարական հանդիպման շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանի փոխանցմամբ, նախարարների բանակցությունների հիմնական թեման շարունակում է մնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություննեի կարգավորման ճանապարհների փնտրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG