Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները Պուտինին դժվար հարցեր են տալիս տնտեսական ճգնաժամի վերաբերյալ


Ռուսաստանի քաղաքացիները վարչապետ Վլադիմիր Պուտինին հազարավոր հարցեր են ուղղել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով երկրում սկիզբ առած գործազրկության, ռուբլու արժեզրկման եւ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերի վերաբերյալ:

Ռուսական մի շարք առաջատար հեռուստաալիքների ուղիղ եթերում ընթացող «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդման ընթացքում Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը:

«Այսօր կարիք չկա ապացուցելու, որ ճգնաժամը` սկսվելով Միացյալ Նահանգներում, նրանց վարած ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության հետեւանքով, այնուհետեւ «վարակել» է աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրների տնտեսությունները: Իհարկե, դա վերաբերում է նաեւ մեզ», - նշել է Պուտինը` հայտարարելով, որ իր գլխավորած կառավարությունը քայլեր է ձեռնարկում տնտեսության ռեալ հատվածին ուղղակի եւ միջնորդավորված` բանկային համակարգի միջոցով, աջակցություն ցույց տալու համար:

«Գոյություն ունեն Պահուստային հիմնադրամը, Ազգային բարօրության հիմնադրամը եւ Կենտրոնական բանկի պահուստները: Կարող եմ ասել, որ մենք ունենք այդպիսի ռեզերվներ, եւ դրանք մեծ են», - ռուսաստանցիներին հավաստիացրել է երկրի վարչապետը` ասելով, որ այդ միջոցները կուտակվել են հենց ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով:

«Մենք թույլ չենք տա, որ տնտեսական ցնցումներ կամ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխություններ տեղի ունենան», - հայտարարել է Պուտինը:

Քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում պատասխանելու ավանդույթը Վլադիմիր Պուտինը սկսել էր դեռ Ռուսաստանի նախագահի պաշտոնում եւ վարչապետի պաշտոնում շարունակելով այն` վերահաստատում է երկրի կյանքում իր ունեցած ծանրակշիռ ազդեցության փաստը:

Այս տարվա մայիսին Ռուսաստանի նախագահ ընտրված Դմիտրի Մեդվեդեւը նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալու որեւէ մտադրություն չի հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG