Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Միջազգային արձագանքները համարժեք չեն եղել իրադրությանը»


Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հասարակական հանձնախմբի պատրաստած 40 էջանոց զեկույցի ամենակարեւոր եզրահանգումը, զեկույցի հեղինակների կարծիքով, Հայաստանի քաղաքացիներին Արեւմուտքի հղած ուղերձն է, որով հստակորեն հասկանալ են տալիս, թե քաղաքացիներն իրենք պետք է գնահատական տան իրենց կառավարության գործունեությանը:

Ըստ զեկույցի հեղինակների, հենց դրանով են պայմանավորված լինելու միջազգային կառույցների` մեր իշխանություններին տրվելիք հետագա գնահատականները:

Առավելապես մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքներին վերաբերող այդ զեկույցն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների համակարգող, Հայաստանի արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Վերջինիս խոսքերով, այդ արձագանքների անգամ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք իրադրությանը համարժեք չեն եղել: Իսկ խիստ գնահատականների ու իշխանություններին ներկայացված պահանջների հարցում ցուցաբերվել է ակնհայտ անհետեւողականություն: Հենց դրանից էլ, Կարապետյանի ներկայացմամբ, օգտվել են այն պահին գործող իշխանությունները. - «Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը օգտագործեց արտերկրից ստացվող անհետեւողական եւ հակասական ուղերձները, գնահատականներն ու արձագանքները` ընտրություններին հաջորդած ընդդիմության հանրահավաքը բռնությամբ, այնուհետեւ հրազենի եւ մարտական փամփուշտների միջոցով ճնշելու համար»:

Կարապետյանը ուշադրություն է հրավիրում մի շատ էական հանգամանքի վրա. եթե չլինեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Եվրախորհուրդը ներկայացնող դիտորդների «անատամ եւ անհամարժեք» գնահատականները, որոնք սկզբնապես արձանագրում էին, թե նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին, ապա ավելի ուշ շրջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը ավելի օբյեկտիվ, հետեւաբար` շատ ավելի կոշտ կլիներ:

«Դրա ապացույցը հատուկենտ դրական հանգամանքների կողքին բազմակի եւ էական խախտումների թվարկում է», - հայտարարեց նա: - «Զեկույցում նշված խախտումների առյուծի բաժինը առնչվում է նախընտրական ժամանակահատվածին, ինչը զարմանալիորեն չի արձանագրվել փետրվարի 20-ի զեկույցում, ինչը լուրջ կասկածներ է առաջացում դիտորդների անաչառության վերաբերյալ»:

Աս ամենով հանդերձ, միջազգային տարբեր կառույցների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի նախընտրական եւ հետընտրական իրադարձություններին տրված անգամ, ինչպես Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հասարակական հանձնախումբն է նշում` անհամարժեք արձագանքների ամփոփումը` առնվազն թվային արտահայտությամբ, բավական տպավորիչ է. - «Վեց անգամ շեշտվել է, որ ընդդիմության կազմակերպած հանրահավաքները եղել են խաղաղ, 13 անգամ շեշտվել է, որ մարտիմեկյանի իրադարձությունները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կատարել անկախ, անկողմնակալ, թափանցիկ եւ հասարակության վստահությունը վայելող հետաքննություն` շեշտը դնելով նաեւ մարտիմեկյան դեպքերին հանգեցրած պատճառների հետաքննության վրա: 20 անգամ կոչ է արվել երկխոսություն սկսել հակադիր երկու կողմերի միջեւ, ինչը չկա մինչ օրս: 16 անգամ իշխանություններին հորդորվել է ազատ արձակել հետընրտական փուլում ձերբակալված անձանց, քանի որ անընդունելի է, երբ մարդկանց ձերբակալում են ազատորեն հավաքվելու եւ իրենց կարծիքն արտահայտելու համար: 23 անգամ իշխանություններին կոչ է արվել դադարեցնել արտակարգ դրությունը, քանի որ դրանով պայմանավորված սահմանափակումների մեծ մասը հակասում է միջազգային կոնվենցիաներին: Եվ 4 անամ հաստատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի տակ լինելու հանգամանքը, ինչը բազմիցս մերժվել է իշխանությունների կողմից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «կապ չե՞ք տեսնում Արեւմուտքի մեղմ վերաբերմունքի եւ Ղարաբաղյան կարգավորման միջեւ», Կարապետյանը արձագանքեց. - «Դժվարանում եմ ուղիղ կապ տեսնել Ղարաբաղի հարցի հետ: Միեւնույն ժամանակ, հստակ է, որ թե’ համանախագահները, թե’ միջազգային կազմակերպությունների ղեկավարները սկսել էին արդեն հանդիպումների շարքը, այսպես ասած` ամենահավանական հավակնորդներից մեկի հետ, եւ, եթե նախկինում համանախագահները երբեք չէին հանդիպում վարչապետի հետ, ապա ընտրություններից առաջ այդ հանդիպումները տեղի էին ունենում արդեն»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG