Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի խորհրդի պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրաբանկի գործունեությունը Հայաստանում:

Ներկայումս Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից, ըստ հաղորդագրության, երկրի ղեկավարն առանձնացրել է երկուսը` տնտեսության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, եւ համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգմաժամին դիմակայելը, դրա ազդեցությունը հնարավորինս նվազագույնի հասցնելը. - «Նախագահն այս համատեքստում առաջնային քայլեր է համարել լրացուցիչ միջոցների ներգրավումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը` միաժամանակ նշելով, որ կառավարությունը նախատեսում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերի իրականացում»:

Եվրաբանկի ներկայացուցիչները, Հայաստանի հետ համագործակցությունը գնահատելով արդյունավետ, ասել են, որ այն գործընկերության դաշտն ընդլայնելու նոր հնարավորություններ է ընձեռում, եւ դա Բանկի ռազմավարական նպատակներից է:

Բանկի տնօրենների խորհրդի անդամների խոսքով, Հայաստանի հետ կապված բիզնես ծրագրերը բավականին հավակնոտ են, եւ այդ առումով Բանկի ու կառավարության ռազմավարական մոտեցումները համընկնում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG