Մատչելիության հղումներ

World Public Opinion գործակալությունը հարցում է անցկացրել մի շարք մահմեդական պետություններում`փորձելով պարզել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) նկատմամբ վստահության աստիճանը այդ երկրներում: Հարցումը հակասական արդյունքներ է արձանագրել:

Պարզվել է, որ իսլամական պետություների բնակիչները վստահում են ՄԱԿ-ի կառույցներին եւ դեմ չէին լինի կազմակերպության լիազորությունների ընդլայնմանը: Մյուս կողմից` հետազոտութանը մասնակցած պետությունների մեծ մասում, այդ թվում` Հայաստանի հարեւան Իրանում եւ Թուրքիայում համոզված են, որ ՄԱԿ-ի գործունեությունը հիմնականում ուղղորդվում է Միացյալ Նահանգների կողմից: Ադրբեջանի բնակիչներն միակն են, որ չեն կիսում այս տեսակետը: Ադրբեջանցիների 49 տոկոսը համոզված է, որ պաշտոնական Վաշինգտոնը ի վիճակի չէ ստիպել Միավորված ազգերի կազմակերպությանը` ամերիկյան ազգային շահերին համապաստախան որոշումներ ընդունել:

Սոցիոլոգները նաեւ նկատում են, որ Իրաքի պատերազմը որոշակիորեն փոխել է իսլամական աշխարհի վերաբերմունքը` ՄԱԿ-ի դերակատարության նկատմամբ: Այսօր աշխարհի մահմեդականների 78 տոկոսը պնդում է, որ ՄԱԿ-ը պետք է միջամտի եւ իր ենթակայության տակ գործող խաղաղպահ ուժերն ուղարկի աշխարհի այս կամ այն կետը` երբ որեւէ պետություն ենթարկվում է ռազմական ագրեսիայի: Հարցվածների 77 տոկոսը համարում է, որ ՄԱԿ-ը պետք է միջամտի նաեւ այն պարագայում` երբ որեւէ երկրում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, կամ ցեղասպանություն է իրականացվում:

Հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը երբեմն պետք է ներգրավվեն ներքաղաքական գործընթացներում, եթե պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվում է օրինականորեն ընտրված կառավարությունը:

World Public Opinion գործակալության պնդմամբ` այս հարցման արդյունքները վկայում են, որ մահմեդականները կցանկանային, որպեսզի ՄԱԿ-ն առաջիկա տարիներին իր գործողություններում կենտրոնանա մարդու իրավունքների ոտնհարաման դեպքերի համակողմանի հետաքննության եւ զենքի համաշախարհային առեւտրի կանոնակարգման վրա:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG