Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի»-ին անդրադարձել է փակ դռների հետեւում տեղի ունեցող համագումարներին. - «Հարց է ծագում. ի՞նչ է թաքնված «Նոր ժամանակներ» կուսակցության` դեկտեմբերին 2-ին իր համագումարը փակ դռների հետեւում անցկացնելու որոշման տակ: Ի՞նչ ունի թաքցնելու: Թե Հայաստանում այսօր ում ետեւում են կանգնած իսկական ազդեցիկ ռուսական (եւ ոչ միայն) շրջանակները, իրապես հայտնի է: Ինչպեսեւ հայտնի է, թե հաճախ որքան ծանր է լինում աշխարհքաղաքական բոմժերի ճակատագիրը: Սակայն անփորձ հասարակության առաջ կարելի է ցանկացած դերում հանդես գալ` սկսած Սահակաշվիլու մոտիկ ընկերոջից մինչեւ Պուտինի մտերիմի: Հայ մերձքաղաքական հանրությունը առաջվա պես միամիտ է եւ դյուրին կերպով կարող է պատկերացնել, որ կարապետյանական համագումարի փակ դռների հետեւում շարադրվել են Մադրիդյան սկզբունքների կամ մոտակա աղմկոտ քաղաքական հրաժարականների գաղտնիքները: Չմոռանանք նշել, որ կուսակցությունը որոշում է ընդունել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: Ընդ որում` կմասնակցի անձամբ Արամ Կարապետյանը: Ու թերեւս սա է «Նոր ժամանակներ»-ի դեկտեմբերյան համագումարի միակ արդյունքը»:

«Հայկական ժամանակ»-ում թերթին ուղղված հայտարարությամբ հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. - «Ես ուզում եմ ասել` «Հայկական Ժամանակ», այդքան ատելություն, այդքան թշնամանք, որ իմ նկատմամբ կա 9 տարի, որտեղի՞ց: Ո՞վ է այդքան գումար վճարում: Էդքան գումար աշխատեց իմ հաշվին, բայց քո շեֆը մի հատ չեկավ մի անգամ սեղան գցի գոնե: Քո շեֆին կասես` ամոթ է, էդքան չի կարելի թշնամանալ, ես լավ մարդ եմ, հըլը արի մի օր նստենք, իրար հետ խոսենք, թող տեսնի, որ հայրենասիրությունը, մաքրությունը ինձանից է ծագում»:

lragir.am-ը գրում է. - «Իշխանությունը ներկայում ունի հանրաքվե նախաձեռնելու իրավունք: Դա կարող են անել թե նախագահը, թե Ազգային ժողովը: Հազիվ թե Ղարաբաղի հարցում հանրաքվե անելու համար լիներ կառավարության նախաձեռնության կարիքը: Ինչն էր խանգարելու նախագահին կամ Ազգային ժողովին նախաձեռնել Ղարաբաղի հարցի վերաբերյալ որեւէ հանրաքվե, որ դա հնարավոր է անել միայն եթե կառավարությունն ունենա նախաձեռնելու իրավունք: Եթե չի տրվում այդ հարցի պատասխանը, ապա անհասկանալի է դառնում ընդդիմախոսությունը: Դրա մի մասն էլ այն է, որ իշխանությունը փորձում է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը դնել հասարակության վրա: Սա առնվազն տարօրինակ փաստարկ է: Բանն այն է, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատուն իսկապես պետք է լինի հասարակությունը, ոչ թե որեւէ իշխանություն: Հասարակությունը պետք է իշխանությանը հավանություն տա այս կամ այն լուծման հարցում, ով էլ որ լինի իշխանությունը: Եվ այդ հավանությունը պետք է լինի հենց առանձին, հենց միայն Ղարաբաղի հարցի կապակցությամբ կոնկրետ հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե ասենք ընտրության արդյունքի: Ի վերջո, եթե ընդդիմությունը համարում է, որ ինքն ունի հանրային մեծ աջակցություն եւ ասենք Ղարաբաղի հարցում իր մոտեցումներն են վայելում հասարակության վստահությունը, ապա կարծես թե ինքը պետք է շահագրգռված լինի հանրաքվեի հարցում»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Նա ասում է. - «Պետք չէ թերագնահատել հայկական կողմի ո՛չ դիվանագիտական կարողությունները, ո՛չ էլ մեր նախագահի, քաղաքական կոալիցիայի նախաձեռնողական քաղաքականությունը։ Մենք պատահական քայլեր չենք անում՝ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածում ենք, թե հետեւանքներն ինչպիսին կլինեն, ունենք հստակ գաղափարախոսություն, հստակ ռազմավարություն, եւ դրանով առաջ ենք շարժվում։ Այնպես չէ, որ եթե Թուրքիան չբացի սահմանը կամ մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի, Հայաստանը կկործանվի։ Ոչ, սա երկուստեք շահավետ խնդիր է։ Նախագահ Սերժ Սարգսյանը արել է իր քայլը, եւ հիմա գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում»:

«Հայք»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը երեկ Երեւանում մասնակցել է Բռնադատվածների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի կառուցումը Հայաստանում հրատապ խնդիր է` եթե հաշվի առնենք, որ այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 76-ի: Այսօրվա քաղբանտարկյալները խորհրդային տարիների բռնադատվածների նման դատապարտվում են քրեական հոդվածներով, իշխանությունների տրամաբանությամբ` քրեական հարցագործության համար: Զավեշտն այն է, որ Բռնադատվածների հուշահամալիրը բացում է մի մարդ, որն իր անմիջական դերակատարությունն է ունեցել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության գործում եւ այսօր որեւէ քայլ չի կատարում նրանց ազատ արձակելու ուղղությամբ: Հետաքրքիր է, թե ինչ էր մտածում Սերժ Սարգսյանը հուշահամալիրը բացելու ժամանակ: Քիչ հավանական է, որ նա հոգու խորքում խոստովանած լինի, որ մասնակցելով այս հուշահամալիրի բացմանը ինքն իրեն դնում է անհեթեթ վիճակում: Մի կողմից, նա մասնակցում է մի հուշահամալիրի բացմանը, որը կառուցվել է քաղբանտարկյալների եւ բռնադատվածների հիշատակին, մյուս կողմից` նա ամեն ինչ անում է, որ Հայաստանը մնա այն երկրների շարքում, որի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG