Մատչելիության հղումներ

Բացվեց Բռնադատվածների հուշահամալիրը


Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երեւանում բացվեց Բռնադատվածների հուշահամալիրը:

Հուշահամալիրը կառուցվել է Ազատության պողոտայի սկզբնամասում, Կասկադի վերին հարթակում, որտեղ նախկինում գտնվում էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշահամալիրը:

Հայաստանի բռնադատվածների միության նախագահ Ռուդոլֆ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե համաձա՞յն է, որ այսօր էլ անկախ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատազրկված անձինք, պատասխանեց. - «Իհարկե, կան: Չի կարելի ասել` չկան»:

«Այսօր մենք չենք ուզում խառնվել իրենց հետ», - շարունակեց նա - «Նրանք նոր են նստել: Եթե իմ նման մի 7 տարի նստած լինեին կամ հորս նման` 15 տարի, ես կասեի` ուրիշ է... Բայց այն, ինչ որ մենք ենք տեսել, նրանք չեն տեսել»:

«Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» ղեկավար, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով կալանավորվել էր մարտի 1-ի իրադարձություններից հետո եւ բավական երկար ժամանակ անազատության մեջ էր գտնվում, եւ ով այսօր էլ մեղադրվում է «իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգությունների» համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սերժ Սարգսյանի կողմից բռնադատվածների հուշարձանի բացումը ընդամենը «ձեւականություն» որակեց:

Այն, որ Հայաստանում այսօր կան քաղաքական բանտարկյալներ, ըստ Ռուբինյանի, լավ գիտակցում է նաեւ Սերժ Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ իրականությունը պատկերացնում են բոլորը, թե ինչ է եղել ընտրությունների ժամանակ եւ դրան հաջորդած իրադարձություններին: Այդ թվում, գիտի նաեւ Սերժ Սարգսյանը` որպես բռնությունների կազմակերպման անմիջական մասնակից», - ասաց նա` շարունակելով. - «Այս իրավիճակում, երբ 70-ից ավելի մարդիկ գտնվում են բանտերում եւ ըստ էության հալածվում են իրենց քաղաքական հայացքների համար, ինչ-որ հերթական շոու, որը, բնականաբար, կընկալվի հասարակության կողմից որպես հերթական կեղծավորություն»:

Ռուբինյանը փոխանցեց, որ իրենք պատրաստվում են դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրը, երթ կազմակերպել, եւ եթե իշխանությունները իսկապես հոգում են մարդու իրավունքների մասին, թող ընդամենը չարգելեն այդ երթը:

«Պլանավորվում է երթ, ցույց: Եվ համապատասխան հայտ կներկայացվի քաղաքապետարան», - ասաց նա` հավելելով, թե մերժում ստանալու դեպքում անգամ անցկացնելու են միջոցառումը: - «Որովհետեւ դա մեր իրավունքն է: Որովհետու Հայաստանում հիմա այլանդակ իրավիճակ է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG