Մատչելիության հղումներ

logo-print

Մերժվել է Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը


Ըստ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության տարածած հաղորդագրության, երեկ մերժվել է նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ:

«Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարան են բերել ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ իրազեկման մի գրություն», - ասված է հաղորդագրությունը, որում մեջբերված է վարչության պետ Ն. Մուրադխանյանի ստոգրությամբ գրության բովանդակությունը. - «ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետին հասցեագրված Ձեր 18.06.2008թ. դիմումի կապակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի 18.11.2008թ. թիվ 311-Ա հրամանագրի համաձայն, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժվել է»:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ նախագահի հրամանագրում մերժման պատճառները նշված չեն:

Իսկ երկրի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ հարցով մեկնաբանությամբ հանդես կգա վաղը:

Իր դիմումի մերժելու մասին որոշումը Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որակեց «քաղաքական», ասաց, որ դա «հալածանքի հերթական դրսեւորում է»:

«Սա հերթական անգամ ապացուցում է այս իշխանությունների` հայ ժողովրդից հեռու լինելը», - ասաց ազատամարտիկը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG