Մատչելիության հղումներ

«Միացում» նախաձեռնությունը զորակցում է Շիրակի թեմի առաջնորդին


«Միացում» ազգային նախաձեռնությունը այսօր տարածել է հայտարարություն, որով «խորին վճռականությամբ դատապարտում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապօրինի եւ սրբապիղծ ոտնձգությունները Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ եւ իր զորակցությունն է հայտնում առաջնորդ սրբազան Հորը` Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր իշխանությունն ու անձեռնմխելիությունը քաղաքապետի քրեական նկրտումներից պաշտպանելու հարցում»:

Հայտարարությունում նաեւ ասված է. - «Միացում» ազգային նախաձեռնությունը, միանալով Շիրակի հավատավոր հայության արդար վրդովմունքին, վճռականորեն վերահաստատում է իր զորակցությունը Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ զգոնության կոչ անում ՏՏ.Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին` եւս մեկ պարսավելի արարքով Աստուծո եւ ազգի դատաստանի առաջ սեփական պատասխանատվության չափը չմեծացնելու խնդրանքով»:

«Արձանագրելով, որ ազատագրված հայրենի տարածքը պաշտպանելու անհրաժեշտությունը չէր ծագի, եթե Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր վերնախավը գիտակցեր իր դերն ու պատասխանատվությունը հայության առջեւ, «Միացում» ազգային նախաձեռնությունը մեծապես կարեւորում է Հայաստանյայց Եկեղեցու արժանավոր սպասավոր Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին սատարելու բոլորիս քաղաքացիական պարտավորությունը` հանուն Հայոց քաղաքակրթական ոգեղեն արժեքների եւ սահմանադրական իրավունքի գերակայությամբ արդար, զորեղ եւ հայեցի պետություն կերտելու անսասան կամքի», - եզրափակում են հայտարարության հեղինակները:

Հոկտեմբերի 26-ին Գյումրիի քաղաքապետի ընտրություններից հետո սրվել են վերընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդի հարաբերությունները: Քաղաքապետը թեմի առաջնորդին մեղադրում է ընդդիմության նկատմամբ համակրանք տածելու մեջ:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս շաբաթ ավելի վաղ ասել էր, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ ծագած հակասությունը բարդ նախապատմություն ունի:

«Եկեղեցապատկան հողերում հուշարձանների տեղադրման, խանութի տարածքի հատկացման փաստերը ընդամենը դրվագներ են այս ամբողջ պատմության մեջ: Թեմի առաջնորդը ասել է, որ 9 տարի շարունակ առողջ հարաբերություններ չեն եղել քաղաքապետարան եւ թեմի առաջնորդարան մակարդակում: Ինքը պարտավոր էր վտանգ եւ մտահոգություն զգալիս արտահայտվել եւ իր թեմին տեղյակ պահել այդ մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG