Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հայտարարել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանին սպառնացող ամենամեծ վտանգը Հայաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումների անտեսումն է:

Բացման խոսքով հանդես գալով Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսում` ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է. - «Կովկասյան զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքի չափանիշների խախտումը ծնում է խիստ վտանգավոր գործընթացներ: Ցավոք, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների որոշումները անտեսվում են, եւ դա տարածաշրջանին սպառնացող ամենամեծ վտանգն է»:

Եվրոպայի անդամ երկրների մշակույթի նախարարներին ուղղված ելույթում, վկայակոչելով 2005 թվականին ԵԱՀԿ-ի կողմից հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացված մոնիթորինգային առաքելության տվյալները, Ադրբեջանի նախագահը պնդել է.- «Օկուպացված տարածքներում պատմական եւ մշակութային ոչ մի արժեք չի մնացել: Թանգարանների ցուցանմուշները գողացված են, մզկիթները եւ մեր նախնիների գերեզմանները` կործանված»:

Իլհամ Ալիեւը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանը մեծագույն հարգանքով է վերաբերում իր տարածքում բնակվող բոլոր ազգերի մշակութային ժառանգությանը:

Երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի պատրաստվում մասնակցել Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսին:

«Միջմշակութային երկխոսությունը` Եվրոպայում եւ հարեւան տարածաշրջաններում խաղաղության եւ հաստատուն զարգացման հիմքը» խորագրով միջոցառմանը այսօր մասնակցել են 19 երկրի եւ 10 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների` այդ թվում Եվրոպայի Խորհրդի, ALECSO-ի, ISESCO-ի, ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG