Մատչելիության հղումներ

Ագարակի կոմբինատի 300 աշխատակիցներ ուղարկվել են հարկադիր պարապուրդի


Դեկտեմբերի 1-ից հարկադիր պարապուրդի են ուղարկվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 300 աշխատակիցներ:

Երեք շաբաթ առաջ կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, եւ կոմբինատի տնօրեն Գեորգի Դեւաձեն խոստացել էր չկրճատել աշխատողներին:

«Ես ուզում եմ գրավոր հաստատել, որ որեւէ մեկին աշխատանքից չեմ հեռացնի», - գործադուլավորներին ասել էր նա:

Տնտեսական ճգնաժամից տուժած բանվորները հեռագիր էին ուղարկել եւ պահանջել Սերժ Սարգսյանին: Սյունիքի մարզ մեկնած երեք նախարարներից էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վարչապետին զեկուցել էր, թե առաջիկա երեք ամիսներին կրճատումներ չեն լինի:

Կոմբինատի արհմիության նախագահ Արկադի Սարգսյանի մեկնաբանությամբ, 300 բանվորների պարապուրդ մեկնելը չի նշանակում կրճատում. նրանք կստանան միջին աշխատավարձի երկու երրորդը, իսկ իրավիճակը կարգավորվելուց հետո կվերադառնան աշխատանքի:

Բանվորները, սակայն, այլեւս չեն հավատում խոստումներին:

Կոմբինատի աշխատակիցների համոզմամբ, իրենց հետ հաշվեհարդար են տեսնում: Նրանք պնդում են, որ սոցիալական վիճակը հաշվի առնելու փոխարեն, առաջնահերթ է համարվում այն, թե երեք շաբաթ առաջ տեղի ունեցած սոցիալական ընդվզման ժամանակ որ բանվորներն էին առավել ակտիվ:

«Կամերաները լրիվ նկարել են», - ասաց բանվորներից մեկը: - «Միլիցիայի վարչությունը տարել է կամերաները, նայել են եւ դիրեկտորի հետ երկու օր առաջ ովքեր խոսացել են, ովքեր ակտիվ են եղել, բոլորին հանել են»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG