Մատչելիության հղումներ

Թայլանդում բողոքի ցույցերը կդադարեն


Թայլանդի Սահմանադրական դատարանը այսօր որոշում է կայացրել, որով լուծարել է իշխող «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը եւ վարչապետ Սոմչայ Վոնգսավաթին արգելել է առաջիկա հինգ տարիներին զբաղվել քաղաքականությամբ:

Որոշման հրապարակման արդյունքում կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները, որոնք մեկ շաբաթից ավելի պաշարել էին Թայլանդի երկու հիմնական օդանավակայանները, հայտարարել են բողոքի ցույցերը դադարեցնելու մտադրության մասին:

Սահմանադրական դատարանը իր ընդունած որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ «Ժողովրդի իշխանություն» կուսակցության մի շարք ղեկավար անձինք 2007 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ են կատարել:

Ցուցարարները Սոմչայ Վոնգսավաթիի կառավարությանը մեղադրում են կոռումպացվածության եւ Թայլանդի` մեծ հարգանք վայելող թագավորական ընտանիքի հանդեպ թշնամանք տածելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG