Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ադոլֆ Բիրկհոֆերին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին (Գերմանիա):

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը եւ շեշտել, որ տասներկու տարի անընդմեջ նա չափազանց կարեւոր աշխատանք է կատարում:

Երկրի նախագահը ընդգծել է «ատոմային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով զարգացնելու, եղած ջերմային հզորություններն արդիականացնելու, նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու Հայաստանի մտադրությունը, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքը»:

«Ձեր կառավարության ջանքերի, մասնագետների հմտությունների եւ գիտելիքների շնորհիվ, իրականացվել է այնպիսի կառավարում, որի արդյունքում ներկայումս Հայկական ԱԷԿ-ը լիովին թարմացվել է, ունի անվտագության բարձր մակարդակ, եւ այլ երկրների նմանատիպ կայանների համեմատ, լավագույնս է պահպանվել», - իր հերթին ասել է Ադոլֆ Բիրկհոֆերը:

Քննարկվել են նաեւ ԱԷԿ-ի հետագա շահագործմանն, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր:

ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը անկախ մարմին է, որի կազմում ընդգրկված են փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլն: Խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը Գերմանիայի Ատոմային անվտանգության ինստիտուտի տնօրենն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG