Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վտանգավոր խաղեր» վերնագրի ներքո «168 ժամ»-ը անդրադարձել է երեկ խորհրդարանում սկսված` «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի քննարկմանը: «Ամենայն հավանականությամբ, ընդամենը 20-25 պատգամավորի մասնակցությամբ երեկ քննարկված այդ օրինագիծն այսօր կքվեարկվի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ու կընդունվի: Եվ արդեն հաջորդ տարվա հունվար-փետրվարին կառավարությունը կարող է հանրաքվե կազմակերպել, ասենք, պարզելու համար` արդյոք հասարակությունը կո՞ղմ է, որ ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվի 20 տարի հետո: Հաշվի առնելով ընտրություններ ու հանրաքվեներ կեղծելու մեր իշխանությունների հմտությունը (2005 թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտի արժանացավ, սակայն «ստացավ» մոտ 1,5 միլիոն «կողմ»), ակնհայտ է, որ սա ծառայելու է որպես գործիք հասարակական կարծիքը միջազգային հանրության հետ հարաբերություններում օգտագործելու համար», - գրում է «168 ժամ»-ը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի կազմակերպած հիմնական «կինոդիտումը» իսկապես հետաքրքիր իրադարձություն էր: Հասկանալի է, որ այդ ֆիլմը պատրաստվել էր իշխանությունների աջակցությամբ (այլապես ինչպե՞ս պիտի ընդդիմության լիդերների հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները հայտնվեին «ինքնաբուխ ռեժիսորների» տրամադրության տակ), բայց ֆիլմի արժեքը հենց այն է, որ իշխանությունների սարքածն էր: Ֆիլմը զուտ քարոզչական նպատակներ էր հետապնդում: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ իշխանությունները մարտի 1-ի տակից դուրս գալու գործում քարոզչության դերը մեծապես կարեւորում են: Թե ինչ քարոզչության մասին է խոսքը` նույնպես հայտնի է. իբր` մարտի 1-ին ընդդիմությունը ծրագրել էր բռնազավթել իշխանությունը եւ մտադիր էր այդ նպատակով գրավել «կառավարական դաչաները»: Ակնհայտ է, որ ակտիվ քարոզչության այս փուլն իրականացվում է «յոթի գործի» դատավարությանն «ընդառաջ», եւ համապատասխան ֆոն է ստեղծվում` այդ գործով անցնող 7 հոգու (գուցե նաեւ «եւ մյուսների») «ծանրագույն հանցագործությունները դատարանում հիմնավորելու» համար»:

«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը մեկնաբանում է. - «Անցած շաբաթ վիճակվեց ինձ լսել բավական ուշագրավ մի կարծիք, թե քաղաքական գործիչները մեզանում անհրաժեշտ են որպես յուրօրինակ միջնորդ հասարակության ու իշխանության միջեւ: Շատ խելացի միտք է: Միայն թե, չգիտես ինչու, եվրոպական հետամնաց երկրներում, ինչպիսիք են Գերմանիան կամ, ներողություն արտահայտությանս համար, Անգլիան, ոչ մի միջնորդ հասարակությանը պետք չէ: Հասարակությունն այնտեղ ինքն է իշխանություն ընտրում, իսկ հետո ինքն էլ վերահսկում այն: Իսկ իշխանությունը թաթերի վրա պտտվում է հասարակության շուրջն ու նայում նրա աչքերի մեջ` շարունակ հետաքրքրվելով, չկա՞ն ուրիշ ցանկություններ: Մեր զարգացած ժողովրդավարության պայմաններում ամեն ինչ այլ կերպ է: Իշխանությունը ինքն է իրեն վերարտադրում, իսկ այնուհետ նրան պահանջվում են հրապարակային պարկեշտ քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են լսել վերեւից եկող ցանկություններն ու ներկայացնել դրանք իբրեւ ժողովրդի կարծիք»:

lragir.am-ը գրում է. - «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ հաճախ եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերից կարելի է լսել, թե իրենք պատրաստ են ընդունել ցանկացած լուծում, որը կընդունի Ղարաբաղի ժողովուրդը: Առաջին հայացքից միանգամայն տրամաբանական թվացող այդ ձեւակերպումն իրականում դասական պիղատոսություն է, որով քաղաքական ուժերը փորձում են իրենց վրայից մի կողմ դնել Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ որեւէ պատասխանատվություն: Ղարաբաղի ժողովուրդը կարող է սխալվել, ի վերջո մոտ 100-150 հազար մարդ են, ընդ որում` պաշտոնական տվյալով, որ ապրում են գրեթե բացարձակապես փակ համակարգում, որ զրկված են լիարժեք եւ համակողմանի որեւէ տեղեկատվությունից, որ ապրում են անվտանգության բացառիկ սրված զգացումով, որը երբեմն առնչվում է վախի հետ, հետեւաբար զրկված են իրականությունը համարժեք գնահատելու հնարավորությունից: Համազգային կարեւորության հարցի լուծումը պայմանավորել միայն այդօրինակ էքստրեմալ պայմաններում հայտնված հանրության կամքով, նշանակում է պարզապես այդ հանրությանը գիտակցաբար մղել սխալի»:

«Ժամանակ-Երեւան»-ը զրուցել է «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի հետ, որը ներկայացնում է իր տեսակետները Հայաստանի իրավապահ համակարգի վերաբերյալ. - «1995-96թթ. անվտանգության ծառայության քննչականի պետը Ժորա Վարդանյանն էր, ով ժամանակին բոլոր դեպքերում կոնկրետ քաղաքական պատվեր էր իրականացնում կոնկրետ մեր` «Դրոյի» գործով: Այսօր Ժորա Վարդանյանը ցմահ դատավոր է եւ այսօր էլ պատվեր է իրականացնում` իր նախկին պատվիրատուների դեմ: Սա քաղաքական օրինաչափություն է, որ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանում, Արեւմուտքում էլ, Արեւելքում էլ կա: Մեզ մոտ ուղղակի ցայտուն է: Իրոք որ, ցանկալի չէր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, բայց, իհարկե, չեմ ուզում դատավորի դեր ստանձնել: Մարդիկ կան էնտեղ, որ ճանաչում եմ, որ աչքով էլ տեսնեմ, չեմ հավատա, որ քարերը վերցրած ապակիներ էին ջարդում»: Հարցին` «ձեզ հետ կալանավորվեցին նաեւ Դաշնակցության այլ ներկայացուցիչներ, Ձեր կարծիքով` ինչո՞ւ նրանց ազատեցին նույն •ործով քրեական պատասխանատվությունից, իսկ Դուք եւ մի քանիսը` մնացիք բանտում»,Մնջոյանը պատասխանում է. - «Քաղաքականության մեջ արդար մոտեցումներ չեն լինում: Խոսքը այստեղ արդարության մասին չի: Զուտ գաղափարական առումով խնդիրներ կային. փաստորեն Լեւոն Տեր-Պետրոսյանին գաղափարական առումով գալու էր փոխարինելու արդեն այլակերպված, տձեւացված Դաշնակցությունը: Դաշնակցությունը` որպես ազգայնական ուժ, փաստորեն զբաղեցրեց հեռացած ՀՀՇ-ի դաշտը...»:

«Ազգ»-ը ներկայացնում է թուրքական հանրային հեռուստատեսությամբ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի ելույթը. - «Բաբաջանն ասել է, որ դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում նախատեսվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից հետո կհրավիրվի «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին» մասնակից երկրների հնգակողմ առաջին հանդիպումը: Այդ հանդիպումով, ինչպես նշել է Բաբաջանը, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները կտան պլատֆորմի ստեղծման աշխատանքների մեկնարկը: Այդ հանդիպումներից հետո Բաբաջանն առանձնազրույցներ է ունենալու ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG