Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ընտրված նախագահը պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Հիլարի Քլինթոնին


Երեկ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է իր ապագա վարչակազմի «անվտանգության թիմը»:

Ինչպես եւ ենթադրվում էր, Օբաման, ով հունվարի 20-ին կստանձնի երկրի նախագահի լիազորությունները, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի, կամ, ամերիկյան քաղաքական տերմինաբանությամբ՝ պետական քարտուղարի պաշտոնը վստահել է ներկուսակցական ընտրություններում իր գլխավոր մրցակից, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին:

Միացյալ Նահանգներում երկրորդ անգամ անընդմեջ կին քաղաքական գործիչը դառնում է պետական դեպարտամենտի ղեկավար:

ԱՄՆ-ում պետքարտուղարը համարվում է պետական աստիճանակարգով 5-րդ բարձրագույն պաշտոնյան` նախագահից, փոխնախագահից, Ներկայացուցիչների պալատի խոսնակից եւ Սենատի ժանակավոր նախագահից հետո:

Օբաման երեկ Չիկագոյում գովեստի խոսքեր է շռայլել ապագա պետքարտուղարի հասցեին` ասելով, որ Հիլարի Քլինթոնը «հարգանք է վայելելու յուրաքանչյուր մայրաքաղաքում եւ ի զորու է երկրի շահերը պաշտպանել ամբողջ աշխարհում»:

«Ես հպարտ եմ, որ մեր հաջորդ պետքարտուղարը կլինի Հիլարի Քլինթոնը», - ասել է ընտրված նախագահը:

Հիլարի Քլինթոնը, իր հերթին, հավաստիացրել է, որ բոլոր ուժերով ծառայելու է նոր նախագահին եւ երկրին:

«Նախագահ ընտրելով Բարաք Օբամային` Ամերիկայի ժողովուրդը պահանջել է ոչ միայն նոր ներքաղաքական կուրս, այլեւ նոր ջանք, որը պետք է մեր երկիրը վերստին դարձնի աշխարհում դրական փոփոխությունների ջատագով», - ասել է Հիլարի Քլինթոնը:

Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը երեկ հայտարարություն է տարածել, որով իր երախտագիտությունն է հայտնել ընտրված նախագահին` պետքարտուղարի պաշտոնը Հիլարիին վստահելու համար:

«Նա արժանի է դրան, նա կօգնի արտասահմանում Ամերիկայի վարկը վերականգնելու, Իրաքի պատերազմն ավարտելու, խաղաղությունն առաջ տանելու եւ պետության անվտանգությունն ամրապնդելու գործում», - ասվում է Բիլ Քլինթոնի ուղերձում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG